Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում նվազել է 0,06 տոկոսով՝ հասնելով 387,28 դրամի: Առքուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 18,325 մլն ԱՄՆ դոլար, ինչը 37,78 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, կազմել է 387,95 դրամ:

Նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում բարձր փոփոխականություն էր նկատվում: Առևտրային շաբաթվա սկզբում դոլարին հաջողվեց ամրապնդել դիրքերը դրամի նկատմամբ՝ հասնելով շաբաթվա իր առավելագույն ցուցանիշին՝ 388,25 դրամ: Սակայն նրան չհաջողվեց պահպանել ձեռք բերած ցուցանիշը: Արդեն չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, դրամին ոչ միայն հաջողվեց վերականգնել կորուստը, այլև հասնել շաբաթվա առավելագույն ցուցանիշին՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 387,25 դրամ: Մեր կարծիքով՝ այս ամենը պայմանավորված է կարգավորիչի գործողություններով, ինչպես նաև FOREX համաշխարհային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի էական նվազմամբ:

Տարվա այս ժամանակահատվածի համար դեպի Հայաստանի փոխանցումների ծավալի ավանդական նվազման ֆոնի ներքո ֆինանսական շուկայում արտարժույթի դեֆիցիտ է նկատվում: Դրամի արժեզրկումից խուսափելու նպատակով կարգավորիչը պարբերաբար մտնում է շուկա և ԱՄՆ դոլար է վաճառում: Դրանով է պայմանավորված նաև այն, որ վերջին երկու աշխատանքային օրվա ընթացքում շուկայի մասնակիցները ձեռնպահ մնացին գործարքներ կնքելուց:

Հավանաբար, ՀՀ ԿԲ-ն նման մարտավարություն կիրականացնի նաև այս շաբաթ, իսկ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 385 – 390 դրամի միջակայքում: Այս ամենին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից ԱՄՆ դոլարի գնման նվազած ծավալը:

Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 13,412 մլն դոլար, ինչը 22,67 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Հայաստանում եվրոյի փոխարժեքը նախորդ շաբաթ սահմանվել է FOREX միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճել է 2,2 տոկոսով՝ մինչև 1,3216:

Եվրոն շարունակում է կայուն աճ ցուցադրել իր ամերիկյան մրցակցի համեմատ: Նախորդ շաբաթ առքուվաճառքը վերսկսվեց եվրոյի արժեքի կտրուկ անկմամբ պետական պարտքի վերակառուցվածքայնության վերաբերյալ մասնավոր վարկատուների հետ Աթենքի դադարեցված բանակցությունների պատճառով: Սակայն եվրոն կարողացավ արագ վերականգնվել: Այս ամենի համար ֆոն ծառայեցին Գերմանիայի և Ֆրանսիայի պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների դրական արդյունքները, ինչպես նաև եվրագոտուց, մասնավորապես՝ Գերմանիայից ստացված բարենպաստ մակրոտնտեսական տվյալները, որտեղ IFO  ինստիտուտի կողմից գործարար միջավայրի պայմանների ինդիկատորը հունվարին հասավ 108,3-ի՝ կանխատեսված 107,6-ի փոխարեն:

Եվրոն ուժեղ աճ ցուցադրեց չորեքշաբթի՝ հունվարի 25-ին: Եվրոյի գնանշումը վեր բարձրացավ այն բանից հետո, երբ ամերիկյան կարգավորիչը հրապարակեց տոկոսադրույքին նվիրված իր նիստի արդյունքները: ԱՄՆ ՊԴԾ-ն հայտարարեց մինչև 2014 թ.-ի վերջը ընթացիկ ցածր տոկոսադրույքին (0-0,25 տոկոս) աջակցելու մտադրության մասին: Այդ ժամանակ պրն. Բեռնանկեն հստակ ակնարկեց, որ կարգավորիչը լրջորեն կքննարկի հարկ եղած դեպքում լրացուցիչ ոչ ստանդարտ միջոցների հնարավորությունը: ԱՄՆ-ից ստացված չափավոր դրական վիճակագրությունը, մասնավորապես՝ ուրբաթ՝ հունվարի 27-ին հրապարակված 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի տվյալները ևս լավացրեցին շուկայի մասնակիցների տրամադրությունն ու աջակցեցին եվրոյի աճին:

Արդյունքում, Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 1,05 տոկոսով՝ հասնելով 511,58 դրամի:

Այս շաբաթ եվրոն ունի իր աճը շարունակելու բոլոր հնարավորությունները երկար ժամանակահատվածի ընթացքում գերցածր մակարդակի վրա հիմնական տոկոսադրույքը պահելու մասին ԱՄՆ ՊԴԾ-ի որոշման պատճառով: Եթե եվրոն FOREX շուկայում կարողանա ամրապնդվել 1,3150 մակարդակից ավելի բարձր մակարդակում, ապա աճը, հավանաբար, կշարունակվի՝ հասնելով 1,3350-ի:

Այս շաբաթ եվրոյի վրա կազդի մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից հարկավոր է նշել Chicago PMI-ի պարտքային լավատեսության համաթվի, սպառողական վստահության և հունվարին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թվի տվյալները: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել սպառողական վստահության և հունվարին արտադրական հատվածի համար PMI ինդեքսի վերջնական տվյալները: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրությունը չափավոր դրական կլինի, ինչը կարող է աջակցել եվրոյին:

Եթե վերը նշված տնտեսական վիճակագրությունը բացական լինի, եվրոն FOREX շուկայում, հավանաբար կնվազի մինչև 1,3050-ի: Այս ամենի կապակցությամբ Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 505,0-520,0 դրամի սահմաններում:

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 2,07 տոկոսով՝ մինչև 12,94 դրամ: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու արժեքի աճով ֆինանսական շուկաներում տրամադրության լավացման ֆոնի ներքո, ինչպես նաև Իրանի հետ հակամարտության պատճառով նավթի կայուն բարձր գներով: Նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը աճել է 1,4 տոկոսով՝ հասնելով 111,55 դոլարի:

Այս շաբաթ ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքը կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գների դինամիկայից: Իրանի հետ շարունակվող հակամարտությունն ու դեպի Եվրոպայի երկրներ նավթի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ Իրանի մտադրությունն օժանդակում են «սև ոսկու» և ռուբլու գնանշման աճին:

Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կգտնվի 12,65 – 13,20 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img