HSBC-Բանկ Հայաստանը 2011 թ.-ին շահույթի մեծությամբ առաջատար է դարձել

03.02.2012 13:53
HSBC-Բանկ Հայաստանը 2011 թ.-ին շահույթի մեծությամբ առաջատար է դարձել

«ԱՌԿԱ» - Տիկին Քլիֆորդ, ինչպե՞ս կմեկնաբանեիք HSBC-Բանկ Հայաստանի գործունեությունը 2011 թ.-ին:

Ա. Քլիֆորդ Նախորդ տարին մեզ համար բավականին հաջող էր: 2011 թ.-ի արդյունքում ստացված բանկի շահույթը մինչև  հարկումը կազմել է 8,3 մլրդ դրամ՝ ապահովելով գրեթե 50 տոկոսանոց աճ՝  2010 թ.-ի համեմատ, որը ևս մենք բավականին հաջող ենք համարում:

Այս ցուցանիշով մենք լավագույնն ենք երկրի բանկային շուկայում: Մեզ մոտ նաև շատ բարձր է կապիտալի շահութաբերության ցուցանիշը՝ 24 տոկոս: Միաժամանակ տարեվերջի տվյալների համաձայն՝ բանկի ակտիվները կազմել են 179 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 23,5 տոկոսով, պարտավորությունները կազմել են շուրջ 149 մլրդ դրամ՝ 24 տոկոսի աճ, որից հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 120 մլրդ դրամ՝ ավելանալով 14,4 տոկոսով: Ընդհանուր կապիտալը գերազանցել է 30 մլրդ դրամը՝ տարեսկզբի համեմատ ապահովելով 23 տոկոսի աճ, իսկ համախառն վարկային ներդրումները կազմել են 108 մլրդ դրամ՝ ավելանալով 26 տոկոսով:

Նախորդ տարվա ընթացքում HSBC-Բանկ Հայաստանն ակտիվ էր վարկավորման շուկայում: Այսպես, բանկի կորպորատիվ վարկերի ծավալը կազմել է շուրջ 100 մլն դոլար, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի ծավալը՝ շուրջ 10 մլն դոլար: Մենք նաև շատ արդյունավետ ենք գործել ապահովագրության շուկայում և վաճառել ենք շուրջ 2,5 հազար պոլիս, մասնավորապես՝ ԱՊՊԱ-ի, Կասկո-ի, բժշկական ապահովագրության, բնակարանային ապահովագրության և այլ գծով:

Նշեմ, որ HSBC-Բանկը The Banker անգլիական հեղինակավոր ամսագրի կողմից 2011 թ.-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը:

«ԱՌԿԱ» - HSBC-Բանկ Հայաստանը մի շարք ցուցանիշներով ներառված է հայկական առաջատար բանկերի հնգյակում, իսկ պարտավորությունների մեծությամբ և շահույթով այն բանկային համակարգի բացարձակ առաջատարն է: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում կոշտ մրցակցության պայմաններում պահպանել նման բարձր նշանաձողը:

Ա. Քլիֆորդ Շուկայում, իսկապես, շատ կոշտ մրցակցություն է: Ձգտելով հաճախորդներին գրավել՝ բանկերը նվազեցնում են վարկերի տոկոսադրույքներն ու բարձրացնում են դեպոզիտների տոկոսադրույքները: Այդուհանդերձ, մենք մնում ենք առաջատարը բանկային ավանդների շուկայում: Դեպոզիտների շուկայի մեր մասնաբաժինն այսօրվա դրությամբ կազմում է 14-15 տոկոս: Մենք չենք փորձում հասնել շուկային՝ մրցակցելով տոկոսադրույքների նվազման մրցավազքում, այլ մրցակցում ենք բարձրորակ ծառայությունների տրամադրման հաշվին: Մեր հաճախորդները պետք է ստանան ամենաբարձր ծառայությունն ու գոհ մնան: Այդ պատճառով մենք ոչ միայն նրանց փոխառու միջոցներ ենք տրամադրում, այլև գտնվում ենք մշտական կապի մեջ, օգնում ենք վարել բիզնեսը, խորհրդատվություն ենք տրամադրում:

Անշուշտ, բանկային ավանդների շուկայում առաջատար լինելուն մեծ մասամբ նպասում է նաև HSBC ապրանքանիշի իմիջը, այդ պատճառով շատ կարևոր է մշտապես այն պահպանել, ինչը և մենք անում ենք՝ ապրանքանիշի առողջության համաթվի (ապրանքանիշի ուսումնասիրման համալիր մեթոդ) շնորհիվ: Ինչ վերաբերում է շահույթի բարձր ցուցանիշներին, ապա ցանկանում եմ նշել, որ մենք չեն փորձում հասնել դրան ցանկացած գնով: Մենք շատ զգույշ ենք նախագծերի ընտրության հարցում, որոնք իսկապես կարող են շահութաբեր լինել:

«ԱՌԿԱ» - HSBC-Բանկ Հայաստանը նախորդ տարի ներդրեց «բանկային կիրակի» պրակտիկան: Որքանո՞վ է այն արդյունավետ:

Ա. ՔլիֆորդԱյս գաղափարն օգտագործվել է որպես պիլոտային ծրագիր բանկի 15-ամյակի կապակցությամբ, և արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Հանգստյան օրերին հաճախորդների թիվը փոքր-ինչ քիչ էր, քան աշխատանքային օրերին: Ապագայում մենք նախատեսում ենք անցկացնել նմանատիպ ակցիաներ, սակայն ոչ այսքան հաճախ, քանի որ դա պահանջում է լրացուցիչ ծախսեր և ռեսուրսներ:

«ԱՌԿԱ» - HSBC-Բանկ Հայաստանը վերսկսել է իր բանկոմատներով Visa, MasterCard և տեղական ArCa պլաստիկ քարտերի սպասարկումը: Ինչպիսի՞ արդյունքներ եք գրանցել այստեղ:

Ա. Քլիֆորդ Մեզ համար շատ կարևոր էր սպասարկել քարտերի բոլոր այս տեսակները, այդ պատճառով մենք օգոստոս-սեպտեմբերին վերսկսեցինք այս ծառայության տրամադրումը, և տարեվերջին քարտերով իրականացվող գործարքները կազմեցին շուրջ 1 մլն դոլար: Նախորդ տարվա ընթացքում բանկը թողարկել է ավելի քան 20 հազար քարտ:

Համեմատության համար նշեմ, որ 2010 թ.-ին HSBC-Բանկ Հայաստանը թողարկել էր 14600 քարտ, որոնցից 3600-ը՝ վարկային: 2011 թ.-ին այդ թվերը կազմեցին, համապատասխանաբար, 17800 բանկային և 2400 վարկային քարտ: Այսպիսով, տարեկան կտրվածքով աճը կազմեց 38 տոկոս:

«ԱՌԿԱ» - Հայկական տնտեսության ո՞ր ոլորտներն են առաջնահերթ HSBC-Բանկ Հայաստանի կողմից վարկավորման համար:

Ա. ՔլիֆորդՄեր առաջնահերթությունները էական փոփոխության չեն ենթարկվել: Ֆիզիկական անձանց համար սպառողական վարկավորումն է, ավտովարկավորումը, հիփոթեքը:

Ինչ վերաբերում է կոմերցիոն վարկավորմանը, ապա այստեղ մենք տնտեսության ամենատարբեր հատվածների ընկերություններին ծառայությունների լայն շրջանակ ենք տրամադրում: HSBC-Բանկ Հայաստանը նաև բավականին ակտիվ է այն ընկերությունների վարկավորման հարցում, որոնց գործունեությունն ուղղված է արտահանմանն ու ներկրմանը, ինչը բնական է՝ հաշվի առնելով HSBC խբմի ներկայությունն աշխարհի ավելի քան 80 երկրներում: Ընդհանուր առմամբ, արտաքին շուկաներում աշխատող ընկերությունների հետ համագործակցությունը համահունչ է HSBC-ի գլոբալ քաղաքականությանը:

Այսօրվա դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմում է 280 մլն դոլար: 2012 թ.-ին ևս շուրջ 60-100 մլն դոլարի աճ է ակնկալվում:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն է խնդրահարույց վարկերի մասնաբաժինը:

Ա. ՔլիֆորդԲանկի խնդրահարույց վարկերը կազմում են 3,7 տոկոս, որից 3,2 տոկոսը կոմերցիոն են: Այստեղ խոսքը վերադարձի մասին չէ: Պարզապես այդ փոխառուները ժամանակավոր դժվարություններ ունեն, որոնք աստիճանաբար լուծում են և կատարում են իրենց պարտավորությունները:

«ԱՌԿԱ» - Նախատեսու՞մ է, արդյոք, բանկը խոշորացնել իր պորտֆելն այլ ֆինանսական կազմակերպությունների ակտիվների գնման հաշվին:

Ա. ՔլիֆորդՄենք միշտ մեր ձեռքը զարկերակի վրա ենք պահում, և եթե կա շահավետ առաջարկ, ապա պատրաստ ենք այն ընդունել: Այսպես՝ նախորդ տարվա սեպտեմբերին բանկը 1 մլն դոլարով վերագնել է Առաջին հիփոթեքային ընկերության վարկային փաթեթը: Մենք ապագայում ևս պատրաստվում ենք քննարկել նման առաջարկները, եթե նրանք գրավիչ լինեն ֆինանսական տեսակետից և համապատասխանեն մեր ռազմավարությանը:

«ԱՌԿԱ» - Քննարկու՞մ է, արդյոք, բանկը Հայաստանում որևէ խոշոր նախագծի սինդիկացված վարկավորմանը մասնակցելու հնարավորությունը:

Ա. Քլիֆորդ Ամեն դեպքում, մենք բաց ենք դրա համար: Բանկն արդեն սինդիկացված վարկավորման պայմանագիր ունի մի ֆինանսական կազմակերպության հետ, սակայն պահանջարկի բացակայության հետ կապված մենք դեռևս վարկավորում չենք իրականացրել այս պայմանագրի շրջանակներում: Բանն այն է, որ Հայաստանում ընկերությունները չպետք է շատ մեծ միջոցներ ներգրավեն, և բանկերը դրանց ֆինանսավորման դեպքում նախընտրում են բավարարվել սեփական ռեսուրսներով: Բացի այդ, HSBC-Հայաստանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ բաժնետերերով այլ բանկերը հնարավորություն ունեն սինդիկացված վարկավորում իրականացնել իրենց գլխավոր գրասենյակների միջոցով:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում միջազգային խոշոր կառույցների, օրինակ՝ ՀԲ-ի, ՎԶԵԲ-ի, ԶԵԱԲ-ի, ԶԱԲ-ի կողմից հայկական բանկերի նկատմամբ հետաքրքրության ակտիվացումը:

Ա. ՔլիֆորդՄենք շատ կարևոր ենք համարում հայկական բանկերի և միջազգային կառույցների համագործակցության ակտիվացումը, որը նկատվում է վերջին տարիներին: Ընդ որում որոշ բանկեր արդեն վաղում և հաջողությամբ համագործակցում են այդ կառույցների հետ: Մենք ևս նման փորձ ենք ունեցել: Նախորդ տարի ՎԶԵԲ-ի հետ 12 մլն դոլարի վարկային համաձայնագիր ենք ստորագրել՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաև մշակվել է նախագծերի սինդիկացված համատեղ ֆինանսավորման ծրագիր: 2012 թ.-ին մեկ կամ երկու ուղղություններով համագործակցությունը կշարունակվի, հավանաբար խոսքը նույն գումարի մասին կլինի: Սակայն ես դեռևս ձեռնպահ կմնամ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնելուց:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն է ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին դիմակայելու` հայկական բանկերի պատրաստակամությունը, 2012 թ.-ին ինչպիսի՞ հիմնական ռիսկերի հետ կարող է բախվել երկրի բանկային համակարգը, և բանկերն ինչպիսի՞ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկեն՝ այդ սպառնալիքներին դիմակայելու համար:

Ա. Քլիֆորդ Հիմնական ռիսկերը բխում են Եվրոպայից, դա և մեծ արտաքին պարտքն է, և եվրոյի փոխարժեքային տատանումներն են: Սակայն մենք էական լուրջ ուղղակի ռիսկեր չենք տեսնում Հայաստանի համար, քանի որ հայկական բանկերը եվրոբոնդեր ձեռք չեն բերել, և երկիրը ընդհանուր առմամբ այնքան էլ ինտեգրված չէ եվրոպական տնտեսության մեջ:

Այս տարի համաշխարհային տնտեսության 2-3 տոկոսանոց կանխատեսվող աճը, կայունությունը կամ նավթի գների փոքր նվազումը, ինչը մեզ համար կարևոր է Ռուսաստանի և գործարքների ծավալի համատեքստում, համաշխարհային շուկաներում մետաղների գների կանխատեսվող կայունությունը (իսկ դա հայկական արտահանման հիմնական մասն է) թույլ են տալիս հուսալ, որ այս տարի հայկական տնտեսության և բանկերի համար լուրջ սպառնալիքներ չպետք է լինեն:

Միաժամանակ մենք չենք կարող բացառել շոկային իրավիճակները, որոնք կապված են, օրինակ, եվրոյի հնարավոր փլուզման կամ Իրանի շուրջ իրավիճակի առավելագույն թեժացման հետ, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսության և մասնավորապես բանկային ոլորտի համար:

«ԱՌԿԱ» - Որևէ փոփոխություն տեղի կունենա՞ HSBC-Բանկ Հայաստանի ռազմավարությունում ճգնաժամի երկրորդ ալիքին սպասելու համատեքստում:

Ա. ՔլիֆորդԷական փոփոխություններ չեն սպասվում: Մենք միշտ բավականին պահպանողական բանկ ենք եղել, շատ ընտրանքային՝ վարկավորման և հաճախորդների ընտրության հարցում:

«ԱՌԿԱ» - 2012 թ.-ին բանկն ի՞նչ նոր ծառայություններ կտրամադրի:

Ա. ՔլիֆորդԱյս տարի մենք նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղ բացել Երևանում՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով տասի:

Այժմ աշխատանքներ ենն տարվում վարկային քարտերի հետ կապված տարատեսակ խարդախությունից և մեքենայություններից հաճախորդների ապահովագրության ծառայության ներդրման ուղղությամբ: Բացառված չէ, որ այս ծառայությունը կներդրվի արդեն փետրվարին: Մենք կապահովագրենք քարտապանին ապահովագրական դեպքերի առաջացման դեպքում, ինչպիսիք են՝ վարկային քարտի կեղծումը, գողությունը կամ կորուստը, կեղծ փաստաթղթերով գործարքի իրականացումը, բանկոմատից օգտվելու դեպքում գումարի հափշտակումը, պարտավորությունների և օվերդրաֆտի առաջացումը: Քարտերի կեղծումից ապահովագրությունը նախատեսվում է բանկի միջազգային պլաստիկ քարտերի և MasterCard վարկային քարտերի համար՝ 500 հազար դրամից մինչև 1,2 մլն դրամի ծածկույթով:

«ԱՌԿԱ» - Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցություններն այն մասին, թե հայկական բանկերից մեկը պատրաստվում է ձեռք բերել HSBC-Բանկ Վրաստանի ակտիվները:

Ա. Քլիֆորդ- Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Արդեն հայտարարվել է այն մասին, որ HSBC-Բանկ Վրաստանը 2012 թ.-ի մարտին կդադարի իր գործունեությունը: Ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա կորպորատիվ հաճախորդները կվերաֆինանսավորվեն անհատապես այլ բանկերի կողմից, իսկ ֆիզիկական անձանց փաթեթը ձեռք կբերի վրացական բանկերից մեկը:

«ԱՌԿԱ» - Կցանկանայինք տեղեկանալ՝ ձեր ռազմավարությունում ի՞նչ տեղ է հատկացվում հաճախորդների հետ աշխատանքին, և որքանո՞վ են հաշվի առնվում նրանց շահերը:

Ա. Քլիֆորդ Մեր նպատակն է դառնալ մեր հաճախորդների իրական գործընկերն ու տրամադրել նրանց բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, որը կարող է նրանց ամբողջովին բավարարել: Դա է պատճառը, որ մենք նման նշանակություն ենք տալիս ծառայության մակարդակին, դա է պատճառը, որ բանկում հետադարձ կապ է գործում, և մենք միշտ մեր ձեռքը պահում ենք զարկերակի վրա, գիտենք, թե ինչ են մտածում մեր հաճախորդները՝ առաջացած խնդիրն առավելագույնս արագ լուծելու համար: Այժմ բանկն ունի 36 հազար ֆիզիկական անձ-հաճախորդ և 4 հազար կորպորատիվ հաճախորդ: 2011 թ.-ին մենք ներգրավել ենք շուրջ 12 հազար նոր հաճախորդ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև