Եվրոպական երկրների և բանկերի վարկանիշ

15.02.2012 17:07
Եվրոպական երկրների և բանկերի վարկանիշ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միջազգային վարկանիշային երեք խոշորագույն՝ Moody’s, S&P և Fitch գործակալությունները երեքշաբթի գիշերը վարկանիշային գործողություններ են ձեռնարկել եվրոպական երկրների և դրանց բանկային համակարգերի նկատմամբ:

Մասնավորապես՝ Moody’s Investors Service գործակալությունը նվազեցրել է ինը եվրոպական երկրների վարկային վարկանիշները, իսկ Standard & Poor’s և Fitch Ratings-ն իջեցրել են առաջատար իսպանական բանկերի վարկանիշները:

Moody’s

1

Moody’s-ի կողմից վարկանիշները նվազեցրած երկրների ցուցակում են հայտնվել խնդրահարույց պետական պարտք ունեցող և ֆինանսական ու մակրոտնտեսական ռիսկերի նկատմամբ դյուրընկալ երկրները:

Իսպանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը А1 -ից իջեցվել է А3 մակարդակի, Իտալիայինը՝ А2-ից А3-ի, Մալթայինը՝ А2-ից А3-ի, Սլովակիայինը՝ А1-ից А2-ի, Սլովենիայինը՝ А1-ից А2-ի, Պորտուգալիայինը՝ Ва2-ից Ва3-ի:

Ավստրիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վարկանիշները հաստատվել են «Ааа» մակարդակում, սակայն դրանց վարկանիշի կանխատեսումը փոխվել է «կայուն»-ից դեպի «բացասական»:

Moody’s-ի վերլուծաբանների և փորձագետների կարծիքները հանգում են նրան, որ Եվրոպայի երկրներում քիչ են տնտեսությունների մրցունակության բարձրացման և ներդրումային գրավչության համար անհրաժեշտ ազգային ծրագրերի իրականացման հեռանկարները: Գործակալության վերլուծաբանները նշում են նաև ճգնաժամի դեմ պայքարի ֆինանսավորման աղբյուրների հետ կապված անորոշությունը:

Standard & Poors

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է 15 իսպանական առաջատար բանկերի վարկանիշները: Նվազեցվել են Իսպանիայի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ Banco Santander-ի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները՝ A+-ից մինչև AA-, BBVA բանկինը՝ A+-ից մինչև A:  Բոլոր 15 բանկերի վարկանիշների կանխատեսումը բացասական է:

2

Standard & Poor’s-ը նվազեցրել է բանկերի վարկանիշները այն բանից հետո, երբ հունվարի 13-ին վերանայվեց Իսպանիայի երկարաժամկետ վարկանիշը՝ A1-ից մինչև A3: S&P-ի վերլուծաբանները վերանայեցին Իսպանիայի համար BICRA (banking industry country risk assessment) ցուցանիշը՝ դեպի նվազումը, որն արտացոլում է կոնկրետ երկրի բանկային համակարգի ուժեղ և թույլ կողմերը՝ մյուս երկրների համակարգերի հետ համեմատելով, ինչը նույնպես որպես հիմք ծառայեց իսպանական բանկերի վարկանիշի վերանայման համար:

Մեկ այլ՝ Barclays Bank անդրազգային բանկի վարկանիշի կանխատեսումը վերանայվել է «կայունից» դեպի «բացասական»՝ պահպանելով վարկանիշի նախկին նշանակությունը՝ – A/A-1:

Բացի Իսպանիայի վարկանիշից, Standard & Poor’s-ը նաև երկու աստիճանով նվազեցրել է Իտալիայի, Կիպրոսի և Պորտուգալիայի երկարաժամկետ սուվերեն  վարկային վարկանիշները: Մեկ աստիճանով նվազեցվել են Ավստրիայի, Մալթայի, Սլովակիայի, Սլովենիայի և Ֆրանսիայի վարկանիշները:

Fitch

Fitch միջազգային գործակալությունը նվազեցրել է իսպանական առաջատար վեց բանկերի վարկանիշները: Ըստ Fitch Ratings-ի փորձագետների կանխատեսումների՝ Իսպանիայում 2012թ.-ին տնտեսական աճ չի լինի, միայն 2013թ.-ի վերջին տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ է ակնկալվում: Երկրում գործազրկության մակարդակը չի փոխվի և կմնա ռեկորդային՝ 23 տոկոս մակարդակում:

Վատատեսական կանխատեսումների և երկրի կողմից խոշորագույն ֆինանսական ինստիտուտները պահպանելու անկարողության հիման վրա Fitch-ը նվազեցրել է, մասնավորապես, խոշորագույն անդրազգային բանկերի՝ Santander և Banco Bilbao Vizcaya Argentaria-ի (BBVA) էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկային վարկանիշը: Ընդ որում՝ Santander-ի վարկանիշն իջեցվել է երկու աստիճանով, իսկ BBVA-ինը՝ մեկ աստիճանով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև