Երկու ամսից հայկական շուկայում Diners Club International կհայտնվի. ՀԲՄ ղեկավար

21.02.2012 15:59
Երկու ամսից հայկական շուկայում Diners Club International կհայտնվի. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Diners Club International-ը, որը համաշխարհային առաջատար վճարային համակարգերից մեկն է, կհայտնվի հայկական շուկայում առաջիկա երկու ամսվա ընթացքում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Այսօր մեզ մոտ գործում են MasterCard, Visa, American Express միջազգային վճարային համակարգերը, իսկ երկու ամսից կհայտնվի նաև  Diners Club International-ը», - ասել է նա:

Diners Club ընկերությունը հիմնադրվել է 1950 թ.-ին: Այս համակարգի քարտերն աշխարհում դարձել են բազմանպատակ օգտագործման առաջին քարտերը: Diners Club-ը գործում է աշխարհի ավելի քան 185 երկրներում շուրջ 675 հազար բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:

Խոսելով Հայաստանում քարտային բիզնեսի զարգացման մասին՝ Օսիպյանն ընդգծել է, որ այս ոլորտի աճի ծավալները վկայում են անկանխիկ գործարքների թվի ավելացման մասին:

ՀԲՄ-ի տվյալների համաձայն՝ 2011 թ.-ին քարտային բիզնեսի ոլորտում աճը կազմել է շուրջ 30 տոկոս, թողարկվել է 781 հազար քարտ: POS տերմինալների թվի աճը կազմել է 39 տոկոս: Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 4788 POS տերմինալ և 846 բանկոմատ (АТМ):

«Հարկավոր է նշել, որ մեր քարտային շուկան սկսվել է զարգանալ 2000 թ.-ից, երբ ստեղծվեց ArCa պրոցեսինգային կենտրոնը: Մեր նպատակն էր կանխիկ վճարումներից անցում կատարել անկախնիկ վճարումների, և մենք անում ենք ամեն ինչ՝ համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու համար», - նշել է նա:

Օսիպյանն ավելացրել է, որ հայկական 21 առևտրային բանկերից 19-ն իրականացնում է քարտերի էմիսիան, և շուկան հագեցած է տարատեսակ քարտային ծրագրերով, այդ թվում նաև բոնուսային ծրագրերով:

ՀԲՄ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարի սկսվեց ArCa տեղական վճարային համակարգի բարեփոխումը, և 2012 թ.-ի վերջին կթարմացվի կենտրոնի ծրագրային ապահովումը, ինչը թույլ կտա բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը:

Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին՝ որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): -0—


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև