Անելիք Բանկը 2011թ.-ին զգալի աճ է արձանագրել

23.02.2012 19:39
Անելիք Բանկը 2011թ.-ին զգալի աճ է արձանագրել

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանի հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը:

«ԱՌԿԱ» - Որքանո՞վ էր արդյունավետ 2011 թվականը Անելիք Բանկի համար:

Բ. Նաջարյան - 2011 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արձանագրել է զգալի աճ գրեթե բոլոր ցուցանիշներով: Առավել զգալի աճ է նկատվել ավանդների գծով` ներգրավելով ավելի քան 12 մլրդ դրամի նոր ավանդներ, որոնցից 10 մլրդ-ը` ֆիզիկական անձանցից: Բանկը 2011 թվականին տրամադրել է գրեթե 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ, որի գերակշիռ մասը կազմել են  բիզնես-վարկերը:

Չնայած նշված ցուցանիշներին՝ Բանկը  2011 թվականը փակեց ոչ մեծ շահույթով, որը պայմանավորված էր մեր գործընկերներ վարկառուների մոտ առաջացած որոշ խնդիրներով, որի արդյունքում Բանկն իրականացրեց չպլանավորված պահուստավորումներ: Սակայն հուսով եմ, որ 2012-2013 թվականներին այս խնդիրը կլուծվի, և Բանկն առավել մեծ շահույթ կապահովի և կչեզոքացնի 2011 թվականի արդյունքն, առավել ևս, որ արդեն իսկ նկատվում են դրա միտումները:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջերս բանկին Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական պալատի հեղինակավոր կորպորատիվ անդամի կոչում շնորհելուց:

Բ. Նաջարյան - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միշտ էլ կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը և ակտիվորեն մասնակցել է տարբեր միջպետական ծրագրերի, որը բանկային համակարգի զարգացման հիմնական նախապայմաններից է: Դրա վառ ապացույցն է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի համագործակցությունը Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական պալատի հետ, որի նպատակն է ամուր կապեր հաստատել Հայաստանի և Կանադայի գործարարների միջև, ինչը երկու երկրների գործարարներին թույլ կտա փոխշահավետ գործունեություն ծավալել Հայաստանում և Կանադայում: Սա կբերի հայ գործարարների ճանաչելիության մեծացմանը արտերկրում և կնպաստի մեր երկրում կանադացի գործարարների ներդրումների ավելացմանը:

«ԱՌԿԱ» - Անելիք Բանկը և ՎԶԵԲ-ը 2011թ. հոկտեմբերին վարկային պայմանագիր կնքեցին առևտրի ֆինանսավորման մասին, որի շրջանակներում ծրագրվում էր աջակցել արտահանմանը և ներմուծմանը միտված ձեռնարկություններին: Ինչպիսի՞ն են տվյալ պայմանագրի արդյունքները, որքա՞ն է ձեռնարկությունների ֆինանսավորումն այսօրվա դրությամբ:

Բ. Նաջարյան - ՎԶԵԲ-ի հետ այս հերթական ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանի գործարարներին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման բնագավառներում: Քանի որ նշված պայմանագիրը կնքվել է 2011 թվականի չորրորդ եռամսյակում, այն դեռ չի հասցրել շոշափելի արդյունքներ արձանագրել, քանի որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Հուսով եմ, որ 2012 թվականին այս ծրագիրը լայն արձագանք կգտնի մեր գործարարների շրջանում, և նրանք կկարողանան օգտվել Բանկի ընձեռած հնարավորություններից:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ խնդիրներ են դրված Բանկի առջև 2012թ.-ին:

Բ. Նաջարյան - Ըստ միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր տնտեսագետների կանխատեսումների` 2012 թվականին հնարավոր է տեղի ունենա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, որին դիմակայելը հենց Բանկի հիմնական խնդիրն պետք է լինի: 2012 թվականին «Անելիք Բանկը» կփորձի դիվերսիֆիկացնել իր եկամուտների աղբյուրները, մասնավորապես` վարկային պորտֆելը, որն, ինչպես նշեցի, 2011-ին ուղղված էր հիմնականում բիզնեսի վարկավորմանը: 2012 թվականին Բանկը, շարունակելով  բիզնեսի վարկավորումը, նախատեսել է ավելացնել նաև սպառողական վարկավորումն ու ակտիվորեն շարունակելու է ավանդային պորտֆելի ավելացումը:
2012 թվականին Բանկը նաև նպատակ ունի, բացի «Անելիք» և «Moneygram» դրամական փոխադրումների համակարգերից, ակտիվորեն համագործակցել այլ համակարգերի հետ ևս, որը նոր հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին առավել արագ ու մատչելի իրականացնել իրենց դրամական միջոցների փոխանցումները: Բանկը նախատեսել է նաև իրականացնել կառուցվածքային որոշ  փոփոխություններ և օպտիմալացնել իր աշխատակազմը, որն ուղղված է բարելավելու Բանկի գործունեությունը և առավել բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են ձեր բանկի սակագնային քաղաքականության մրցակցային առավելությունները վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքների առումով:  2012թ.-ին տոկոսադրույքների քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կլինի՞:

Բ. Նաջարյան - «Անելիք Բանկում» գործող տոկոսադրույքները համահունչ են շուկայում գործող տոկոսադրույքներին, և մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ չընկնենք տոկոսադրույքների մրցավազքի հետևից և չիջեցնենք վարկերի կամ բարձրացնենք ավանդների տոկոսադրույքները: Մենք երբեք դեմպինգով չենք զբաղվել, և դա դեմ է մեր ռազմավարությանը: Կարծում եմ, որ կան հաճախորդներին ներգրավելու առավել քաղաքակիրթ և արդյունավետ տարբերակներ: Ինչպես նշեցի, 2012 թվականին ևս չի նախատեսվում ավանդների տոկոսադրույքների բարձրացում, այլ, ընդհակառակը, նախատեսել ենք իջեցնել տոկոսադրույքները, իսկ վարկերի տոկսադրույքների իջեցում  չի նախատեսվում: Իհարկե շուկայում սպասվելիք միտումներին զուգընթաց Բանկը կարող է վերանայել իր մոտեցումները:

«ԱՌԿԱ» - Որքա՞ն է բանկի կողմից տրամադրվող փոխատվությունների չափը: Առավելապես, վարկավորման ո՞ր ոլորտների վրա է շեշտը դնում Բանկը, և որքա՞ն է ժամկետանց վարկերի մասնաբաժինն Անելիք Բանկում:

Բ. Նաջարյան - Տրամադրվող վարկերի գերակշռող մասն ուղղված է բիզնեսի վարկավորմանը, իսկ, ընդհանուր առմամբ, Բանկի վարկերի  միջին տոկոսադրույքը կազմում է մոտավորապես 14-15 տոկոս: 2009 թվականին սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում, ինչպես մնացած հայկական բանկերում, մեր Բանկում ևս, ցավոք, նկատվեց խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի աճ. այս պահի դրությամբ դրանք կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 3,77  տոկոսը (դասակարգված վարկերի / վարկային պորտֆել):

«ԱՌԿԱ» - Որո՞նք են ձեր առաջնահերթությունները բիզնեսի ղեկավարման տեսակետից ճգնաժամի երկրորդ ալիքին սպասելիս, և ո՞ր ուղղություններն են առավել շահութաբեր ձեր բանկի համար այժմ:

Բ. Նաջարյան - Տնտեսական ճգնաժամի ժամանակ շատ կարևոր է խմբավորել և նվազագույնի հասցնել ռիսկերը, դիվերսիֆիկացնել եկամուտները, որպեսզի կախվածություն չառաջանա մեկ եկամտի աղբյուրից կամ ոլորտից: Այդ իսկ պատճառով, «Անելիք Բանկը» 2012 թվականին դիվերսիֆիկացնելու է իր պորտֆելները և բացի բիզնեսի վարկավորումից, որի պորտֆելը 2011 թվականին կազմել է ավելի քան 28 մլրդ դրամ` մոտ 70 տոկոս ընդհանուր վարկային պորտֆելում , սկսելու է լայն թափով վարկավորել նաև բնակչությանը` տրամադրելով սպառողական վարկեր. այդ գործընթացը մենք սկսել ենք արդեն 2011 թվականից:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն է Բանկի ռազմավարությունը հաճախորդ ներգրավելու հարցում ներկայիս կոշտ մրցակցային պայմաններում: Որքա՞ն նոր հաշիվներ են բացվել Անելիք Բանկում  անցյալ տարի:

Բ. Նաջարյան - Իրոք, այսօր շուկայում առկա է բավականին ուժեղ մրցակցություն բանկերի շրջանում և առաջարկվում են տարբեր բանկային գործիքներ, որոնք առանձնանում են իրենց ընձեռած հնարավորություններով: Մենք մշտապես հետևում ենք շուկայի զարգացումներին և մշտապես համալրում ու կատարելագործում ենք մեր բանկային գործիքները դրանք առավել  մրցունակ դարձնելու համար: 2011 թվականին «Անելիք Բանկում» 43,1% ավելացել են  հաշիվները, ընդ որում` ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների քանակը Բանկում ավելացել է 41,2 տոկոսով:

«ԱՌԿԱ» - Պատրա՞ստ է, արդյոք, հայկական բանկային համակարգը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին:

Բ. Նաջարյան - Հայաստանի բանկային համակարգը 2008 թվականին սկսված տնտեսական ճգնաժամի ժամանակ ապացուցեց իր կայունությունն ու հուսալիությունը, քանի որ անգամ բավականին բարդ իրավիճակում բանկերում իրացվելիության խնդիր չառաջացավ, որը պայմանավորված էր գրագետ քաղաքականությամբ և համապատասխան պահուստների առկայությամբ: Տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում, հուսով եմ`  բանկային համակարգն ամուր կմնա իր դիրքերում, քանի որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները զերծ կպահեն Բանկերը ցնցումներից:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ հիմնական ռիսկերի հետ կարող է ընթացիկ տարում բախվել Հայաստանի բանկային համակարգը:

Բ. Նաջարյան - 2012 թվականին տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հետ կապված հնարավոր է առաջանան խնդիրներ վարկերի վերադարձելիության հետ, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ ռիսկը բանկային գործի անբաժանելի մասն է, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ կշռել ռիսկերը, որպեսզի հետագայում անդառնալի կորուստների առաջ չկանգնենք: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև