Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճել է Հունաստանի հարցում առաջացած լավատեսության շնորհիվ

27.02.2012 14:01
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճել է Հունաստանի հարցում առաջացած լավատեսության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա ընթացքում, բացի ուրբաթ օրվանից, ոսկին վստահ աճ էր արձանագրում: Հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու արժեքն ավելացավ 2,91 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1772,06 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը ներդրողների տրամադրության լավացումն է Աթենքին ֆինանսական օգնության երկրորդ տրանշի տրամադրման որոշման, ինչպես նաև մասնավոր ներդրողներին պատկանող պետական պարտատոմսերի վերակառուցվածքայնության մասին օրինագիծը հունական խորհրդարանի կողմից հավանության արժանացման ֆոնի ներքո:

Բազիսային 50 կետով առևտրային բանկերի համար պարտադիր պահուստավորման նորմերի իջեցման մասին Չինաստանի ժողովրդական բանկի հայտարարությունը, ինչպես նաև Գերմանիայի բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունն աջակցեցին թանկարժեք մետաղի աճին: Իսկապես, փետրվարին IFO ինստիտուտի կողմից գործարար միջավայրի պայմանների ցուցանիշը աճեց՝ հասնելով 109,6 կետի՝ կանխատեսված 108,8-ի փոխարեն:

Ուրբաթ՝ հունվարի 24-ին, ոսկու հետագա աճին խոչընդոտեց ԱՄՆ-ից ստացված տնտեսական վիճակագրությունը, որը կանխատեսվածից ավելի դրական էր: Այսպես, Միչիգանի համալսարանի կողմից ներկայացված սպառողական վստահության ցուցանիշը փետրվարին աճեց՝ հասնելով 75,5 կետի՝ կանխատեսված 73,0-ի փոխարեն, իսկ առաջնային շուկայում բնակարանների վաճառքի ծավալը հունվարին կազմեց 321,0 հազար՝ կանխատեսված 315,0 հազարի փոխարեն:

Այս շաբաթվա սկզբին, հնարավոր է՝ ոսկու որոշակի նվազում կամ կոնսոլիդացիա: Դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ից ստացված հուսադրող տնտեսական տվյալները էականորեն պակասեցրին ամերիկյան տնտեսության քանակական խթանման նոր ծրագրի վերաբերյալ ներդրողների հույսերը: Միաժամանակ, ԱՄՀ-ի ֆինանսավորման ծավալի ավելացման վերաբերյալ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի միջև ծագած տարաձայնությունները ևս կարող են փոքր-ինչ վատացնել շուկայի մասնակիցների տրամադրությունները՝ ճնշում գործադրելով ոսկու գնանշման վրա: Այնուամենայնիվ, թանկարժեք մետաղի գնանշման նվազումը կսահմանափակվի կայուն ներդրումային պահանջարկի կողմից Եվրոպայում առկա տնտեսական անկայունության ֆոնի ներքո: Այս շաբաթ ոսկու համար աջակցող շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց  1730,0 ԱՄՆ դոլարը:

Այս շաբաթ ոսկու դինամիկայի վրա կազդի նաև ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից հարկ է նշել չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի տվյալների վերանայումը, Չիկագոյում և երկրում գործարար ակտիվության  փետրվարյան համաթիվը: Եվրոպական նորություններից հարկ է նշել հունվարին սպառողական գների համաթվի և փետրվարին արտադրական հատվածի համար գործարար ակտիվության համաթվի տվյալների հրապարակումը: Ակնկալվում է, որ այս վիճակագրության մեծ մասը չափավոր դրական կլինի, ինչը կարող է աջակցել ոսկուն: Այս շաբաթ թանկարժեք մետաղի համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1815,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը աճեց 3,78 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,8540 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի գնանշումը թանկացավ Չինաստանում դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմման, Հունաստանի պարտքային խնդիրների լուծման հարցում առաջացած լավատեսության և Գերմանիայից ստացված բարենպաստ տնտեսական տվյալների ֆոնի ներքո: ԱՄՆ-ի բնակարանների առաջնային շուկայում վաճառքների ծավալի դրական տվյալները ևս աջակցեցին պղնձին:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի համար լրացուցիչ աջակցող գործոն դարձավ այս ակտիվի բորսային նվազող պաշարը Լոնդոյի մետաղների բորսայում:

Այս շաբաթ պղնձի դինամիկան հիմնականում կախված կլինի ԱՄՆ-ից, եվրագոտուց և Չինաստանից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից: Եթե կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի վերանայված տվյալները, եվրագոտու արտադրական հատվածում գործարար ակտիվության համաթիվն ու Չինաստանի նույն ցուցանիշը, իսկապես, բարենպաստ լինեն, ապա գունավոր մետաղներն, այդ թվում նաև պղինձը կարող են շարունակել իրենց աճը: Ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնն այս շաբաթ կգտնվի պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,70 – 4,00 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև