Ավելի քան 120 երիտասարդ հայկական ընտանիք կարող է ավտովարկ ստանալ ցածր տոկոսադրույքներով

02.03.2012 14:17
Ավելի քան 120 երիտասարդ հայկական ընտանիք կարող է ավտովարկ ստանալ ցածր տոկոսադրույքներով

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 120 երիտասարդ հայկական ընտանիք հնարավորություն կստանա ավտոմեքենա ձեռք բերել ցածր տոկոսադրույքով վարկերի միջոցով, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«2012 թ.-ի ապրիլի 15-ին մեկնարկում է «Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը, որը ներառված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թ.-ի նախընտրական ծրագրում», - ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը:

Նրա խոսքերով՝ ԿԲ-ի հետ բանակցությունների արդյունքում մշակվել են ավտովարկավորման պայմաններ երիտասարդ ընտանիքների համար, որոնց համաձայն՝ պետությունը սուբսիդավորելու է վարկի արժեքի 2 տոկոսը: Արդյունքում, վարկերը տրամադրվելու են փոխառուներին տարեկան տասը տոկոսով՝ 7-10 տարով:

«Նախագծի իրականացման նպատակով տրամադրվել է 500 մլն դրամ: Երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կտրվի ձեռք բերել ավտոմեքենա «Kia Motors» ավտոսրահում, որտեղ ներկայացված են երեք դասի ավտոմեքենաներ ամենամատչելի գներով», - նշել է Քարամյանը:

Նա նաև ընդգծել է, որ վարկով ավտոմեքենա կարող են ձեռք բերել այն ընտանիքները, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 60 տարեկանը: «Բացի այդ, ընտանիքի անդամներից ոչ մեկն իր անունով գրանցված տրանսպորտային միջոց չպետք է ունենա, և ամուսիններից յուրաքանչյուրի եկամուտը պետք է ամսական չլինի 60 հազար դրամից ցածր», - նշել է նա:

Նախագիծն իրականացվում է Հայ-գերմանական հիմնադրամի և ԿԲ-ի համատեղ ֆինանսավորմամբ: ($1-388, 57 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև