HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին դինամիկ աճ է ակնկալում. Քլիֆորդ

02.03.2012 19:10
HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին դինամիկ աճ է ակնկալում. Քլիֆորդ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի նախորդ տարվա հստակ ռազմավարությունն ու հաջող գործունեությունը 2012թ.-ի դինամիկ աճի հույս են ներշնչում, կարծում է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Մեծ գոհունակությամբ պետք է նշեմ «HSBC Բանկ Հայաստան»-ի կողմից 2011 թվականին արձանագրված հաջողությունը` բանկային ոլորտում և իր պատմության ընթացքում ամենաբարձր շահույթը»,- ասվում է բանկի տրամադրած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, 2011թ.-ին ստացած բանկի շահույթը մինչև հարկումը կազմել է 8.3 միլիարդ ՀՀ դրամ՝ 2010թ.-ի համեմատ ապահովելով 40 տոկոս աճ:

Միաժամանակ 2011թ.-ի վերջի տվյալների համաձայն, բանկի ակտիվները կազմել են 179 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 23,5 տոկոսով, իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 120 մլրդ դրամ՝ ավելանալով 14,4 տոկոսով: Միաժամանակ հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 25.7%-ով` կազմելով 108 մլրդ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 86.5 մլրդ դրամ: Վերջինս 34%-ով բարձր է 2010 թվականի համադրելի ցուցանիշից: Վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 միլիարդ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ` 145%:

Բացի այդ, «HSBC Բանկ Հայաստան»-ը արժանացել է բրիտանական The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին (Լոնդոն, նոյեմբեր 2011թ.): Նոյեմբերին «HSBC Բանկ Հայաստան»-ը վերաբացեց Կոմիտաս 47 հասցեում` «ՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ» ավտոսրահի մասնաշենքում գտնվող իր «Կոմիտաս 1» ամբողջական սպասարկման մասնաճյուղը (Նոյեմբեր 2011թ.): HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ HSBC -ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, HSBC Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ տրամադրել: Բացման պահին «HSBC Բանկ Հայաստան»-ն ուներ 18 աշխատակից, որոնք սպասարկում էին 100-ից պակաս հաճախորդների: Այսօր բանկը ունի 398 աշխատակից, սպասարկում է ավելի քան 35 հազար անհատ և շուրջ հինգ հազար իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների իր 9 մասնաճյուղերի և գրասենյակների միջոցով:

Բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ «HSBC Բանկ Հայաստան»-ի ակտիվները կազմում են շուրջ 464 միլիոն ԱՄՆ դոլար` 1996 թվականի 5 միլիոն դոլարի դիմաց:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև