HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին վարկային պորտֆելի զգալի աճ է ծրագրում. Քլիֆորդ

05.03.2012 14:35
HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին վարկային պորտֆելի զգալի աճ է ծրագրում. Քլիֆորդ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին վարկային պորտֆելի զգալի աճ է ծրագրում, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):

«Բանկի ընդհանուր վարկային պորտֆելն այսօր կազմում է շուրջ 220 մլն դոլար»,- ասաց Քլիֆորդը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Ըստ նրա՝ մասնավորապես անցյալ տարվա արդյունքներով կորպորատիվ վարկավորման պորտֆելն աճել է 34 տոկոսով կամ 100 մլն դոլարով, և մոտավորապես նման աճ է նախատեսված ընթացիկ տարում:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճին, ապա, ինչպես հայտնեց Քլիֆորդը, 2011թ.-ին այն կազմել է շուրջ 12 մլն դոլար: «Այս տարի մենք 30 մլն դոլարով ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ավելացում ենք ակնկալում»,-ասաց նա՝ պարզաբանելով, որ անցյալ տարի այն կազմել է շուրջ 50 մլն դոլար:

Գլխավոր գործադիր տնօրենը նշեց նաև, որ բանկը վարկավորում է  իրականացնում արդյունաբերության, առևտրի, անշարժ գույքի և այլ ոլորտներում:

Միաժամանակ Քլիֆորդը նշեց, որ անցյալ տարվա արդյունքներով ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմել է 3,7 տոկոս՝ 2010թ.-ի 4,3 տոկոսի դիմաց: Կորպորատիվ վարկավորման ոլորտում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 3 տոկոս, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում՝ 5-6 տոկոս:

Նա տեղեկացրեց, որ 2011թ.-ին մինչև հարկումը մեծությամբ աննախադեպ շահույթը կազմել է 8,3 մլրդ դրամ՝ ապահովելով 40 տոկոսանոց աճ՝ 2010թ.-ի համեմատ: Միաժամանակ 2011թ.-ի վերջի տվյալներով՝ բանկի ակտիվները կազմել են 179 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 23,5 տոկոսով, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունները կազմել են 120 մլրդ դրամ՝ ավելանալով 14,4 տոկոսով:

Միաժամանակ համախառն վարկային ներդրումները, ըստ նրա, հաշվետու ժամանակահատվածում կազմել են 108 մլրդ դրամ (23,5% աճ), որից 86,5 մլրդ դրամը հատկացվել է իրավաբանական անձանց (34% աճ):

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996 թ.-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին:

Բանկը տարբեր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրա-վարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում իրականացվող գործառնություններ ($1 – 388,93 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև