Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը քարտային ապահովագրության նոր ծառայություն է գործարկել

14.03.2012 13:13
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը քարտային ապահովագրության նոր ծառայություն է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայություն է գործարկել, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղկեացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Այս ծառայությունը կոչված է բանկոմատային և ՄաստերՔարտ միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին զերծ պահել մի շարք ռիսկերից:

Առաջարկվող ապահովագրությունը ենթադրում է կեղծված, գողացված և կորած քարտերով իրականացված, ինչպես նաև հաճախորդի կողմից չարտոնված նմանատիպ մի շարք այլ գործարքների հետևանքով առաջացած վնասների հատուցում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի խոսքերով` բանկոմատային և կրեդիտ քարտերի կիրառումը չափազանց լայն տարածում է ստացել հաճախորդների շրջանում, սակայն քարտերի օգտագործման ծավալների աճի հետ մեկտեղ ավելանում են նաև զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես` տուժում են արտերկրում  բանկային գործարքներ իրականացնող հաճախորդները:

«Սա է պատճառը, որ մենք ներմուծում ենք քարտային ապահովագրությունը` պաշտպանելով հաճախորդներին նման ռիսկերից», - ասել է նա:

Մամուլի հաղորդագրության համաձայն` 2011 թվականին բանկը թողարկել է 17800 բանկոմատային և 2400 վարկային ու վճարային քարտ` 38 տոկոսով ավելի, քան 2010 թվականին: Հավելենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» քարտերով իրականացված գործարքների ծավալը 2011 թվականին կազմել է 21 միլիարդ ՀՀ դրամ` բանկոմատային, և 61 միլիարդ ՀՀ դրամ` վարկային և վճարային քարտերի համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: ($1- 389,67 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև