Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

19.03.2012 11:56
Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով՝ հասնելով 388,73 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 12,30 մլն ԱՄՆ դոլար, ինչը 20,8 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,33 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 17-ին, կազմեց  390,15 դրամ:

Ենթադրում ենք, որ ԱՄՆ դոլարի նման վարքագիծը պայմանավորված է ՀՀ ԿԲ-ի միջամտությամբ՝ ազգային արժույթի փոխարժեքին աջակցելու համար, ինչպես նաև FOREX համաշխարհային արժութային շուկայում ամերիկյան արժույթի նվազմամբ շուկայի մասնակիցների տրամադրության լավացման ֆոնի ներքո:

Հաջորդ շաբաթ հնարավոր է շարունակվի ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը, քանի որ շուկայի մասնակիցները գուցե մտավախություններ ունենան առքուվաճառքներին ՀՀ ԿԲ միջամտության վերաբերյալ: Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վրա կարող է ճնշում գործադրել նաև ներմուծողների և բնակչության կողմից արտարժույթի նվազող պահանջարկը:

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից  արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 1,653 մլն ԱՄՆ դոլար, ինչը 83,61 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 387 – 392 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգn աճել է 0,46 տոկոսով և կազմել 1,3173: Այնուամենայնիվ, նախորդ շաբաթվա առաջին կեսին եվրոյի գինը նվազեց՝ հասնելով 4 շաբաթվա նվազագույնին՝ 1,3002, քանի որ մարտի 13-ին կայացած ԱՄՆ ՊԴԾ նիստի արդյունքները ցրեցին տնտեսության խթանման նոր միջոցների շուրջ շուկայի մասնակիցների ակնկալիքները: ԱՄՆ-ում փետրվարին մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխության վերաբերյալ դրական մակրոտնտեսական վիճակագրությունը ևս աջակցել է դոլարին:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին եվրոյին հաջողվեց վերականգնել իր դիրքերն այն բանից հետո, երբ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճը դադարեց, իսկ շուկայի մասնակիցները ֆիքսում էին իրենց շահույթը հանգստյան օրերից առաջ: Փետրվարին ԱՄՆ սպառողական գնաճի վերաբերյալ թույլ մակրոտնտեսական վիճակագրությունը ևս նպաստեց եվրոյի կտրուկ աճին: Իսկապես, հրապարակված տվյալների համաձայն, ուրբաթ՝ մարտի 16-ին, փետրվարին ԱՄՆ-ի սպառողական գների համաթիվը կանխատեսվածից քիչ աճեց: Փետրվարյան ցուցանիշն ավելացավ 0,4 տոկոսով՝ կանխատեսված 0,5-ի փոխարեն:

Իսկ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ, հակառակը,  նվազեց 0,7 տոկոսով՝ կազմելով 513,35 դրամ: Մենք ենթադրում ենք, որ դա կապված է առևտրային նստաշրջանի ժամանակի սահմանափակության պատճառով համաշխարհային արժութային շուկայից երկրի ներսում եվրոյի արժեքի դինամիկայի ուշացման հետ: Դրա հետ կապված՝ երկուշաբթի՝ մարտի 19-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կսրբագրվի դեպի վեր՝ հասնելով 515,50 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով: Ամերիկյան վիճակագրությունից հարկավոր է նշել փետրվարին բնակարանների առաջնային և երկրորդական շուկաների տվյալները և գործազրկության նպաստի ստացման առաջնային հայտերի քանակը շաբաթվա ընթացքում, ինչպես նաև ՊԴԾ-ի նիստի ժամանակ Բեն Բեռնանկեի ելույթը: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել PMI բաղադրյալ համաթվի և մարտին արտադրական ոլորտում գործարար ակտիվության համաթվի կանխատեսված տվյալները: Եթե կանխատեսումներն արդարանան և վերը նշված տնտեսական վիճակագրությունը դրական լինի, ապա եվրոն FOREX շուկայում, հավանաբար, կբարձրանա՝ հասնելով 1,3350-ի: Իսկ եթե մակրոտնտեսական տվյալները բացասական լինեն, իսկ պրն. Բեռնանկեի մեկնաբանությունները հուսախաբ անեն ներդրողներին, ապա եվրոն կարող է նվազել՝ հասնելով 1,3050-ի:

Այդ դեպքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 507,0-525,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,15 տոկոսով և կազմել 13,23 դրամ: Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ, ինչպես նաև հայկական դրամի արժեքի աճով:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքն այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Եթե անգամ տնտեսական վիճակագրությունը խառը լինի, նավթի բարձր գները կարող են աջակցել ռուբլուն: Այս շաբաթ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ակնկալվող բարձրացումը կխոչընդոտի դրամի նկատմամբ ռուբլու աճին:

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,10 – 13,35 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև