Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում

26.03.2012 12:36
Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,19 տոկոսով՝ հասնելով 388,0 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 11,25 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8,54 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,11 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 24-ին, կազմեց  389,73 դրամ:

ԱՄՆ դոլարի նման վարքագիծը պայմանավորված է արտարժույթի բարձր առաջարկով, ինչպես նաև FOREX համաշխարհային արժութային շուկայում ամերիկյան արժույթի նվազմամբ:

Այս շաբաթ տարվա այս ժամանակի համար արտարժույթի հոսքի ավանդական սեզոնային աճի ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նվազման միտումը շարունակվելու հիմքեր ունի: NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքին հաջորդ աջակցող նշանակություն կարող է դառնալ 387,30 դրամը: Այնուամենայնիվ, այս ուղղվածությունը մենք չենք դիտարկում որպես դոլարի վերընթաց միտման ավարտ՝ հաշվի առնելով բիզնեսի և բնակչության կողմից արժույթի նկատմամբ պահպանվող բարձր պահանջարկը:

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից  արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 24,123 մլն ԱՄՆ դոլար, ինչը 14,6 անգամ բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Արտարժույթի զուտ վաճառքի այս ծավալը ռեկորդային բարձր է այս տարվա հունվարի 16-ից սկսած:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 387,0 – 391,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 0,72 տոկոսով և կազմել 1,3268:

Նախորդ շաբաթվա սկզբում կարևոր տնտեսական նորությունների բացակայության ֆոնի ներքո եվրոն շարունակեց աջակցություն ստանալ ուրբաթ՝ մարտի 16-ին ԱՄՆ-ի սպառողական գնաճի տվյալների հրապարակումից հետո: Հիմնական զույգն ակտիվորեն ամրապնդվում էր մինչև չորեքշաբթի՝ մարտի 21-ը՝ ասիական առևտրային նստաշրջանի ժամանակ հասնելով դիմադրության զգալի մակարդակի՝ 1,3285: Այնուամենայնիվ, եվրոն չկարողացավ հաղթահարել այս մակարդակը, քանի որ շուկայի մասնակիցները սկսեցին փակել իրենց երկար դիրքերը՝ առաջացնելով փոփոխություն:

Եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ PMI բաղադրյալ համաթիվն ու արտադրական հատվածի համար PMI մարտյան համաթիվը, որը հրապարակվեց հինգշաբթի՝ մարտի 22-ին, ևս լավատեսություն չավելացրին: Կանխատեսվածից ավելի վատ տվյալների հրապարակումից հետո եվրոն սկսեց կորցնել իր դիրքերը՝ հասնելով շաբաթվա նվազագույն ցուցանիշին՝ 1,3132, սակայն այս ամենը կարճաժամկետ բնույթ էր կրում:

Ուրբաթ եվրոյին հաջողվեց վերականգնել իր դիրքերը և շաբաթվա վերջում հայտնվել առավելագույն ցուցանիշին շատ մոտ դիրքում: Արդյունքում, Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,76 տոկոսով՝ հասնելով 519,43 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX շուկայի նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ ՊԴՀ նախագահ Բեն Բեռնանկեի ելույթը Տնտեսագետների ազգային ասոցիացիայի համաժողովի ժամանակ: ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունից հարկավոր է նշել սպառողական վստահության մարտյան տվյալների հրապարակումը, ինչպես նաև 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի եզրափակիչ փոփոխությունը: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել Գերմանիայի գործարար միջավայրում տիրող տրամադրությունների համաթվի վերաբերյալ IFO գործակալության մարտյան տվյալների հրապարակումը:

Մեր կարծիքով՝ այս շաբաթվա սկզբում IFO գործակալությունից սպասվող գերմանական համաթվի չափավոր դրական նշանակության ֆոնի ներքո EUR/USD զույգը կարող է շարունակել իր աճը: Դիմադրության 1,3285 շեմը հաղթահարելիս հնարավոր է հասնել  1,3400 մակարդակի: Եթե ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը բացասական լինի, եվրոն կարող է նվազել: Եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,3150-ը: Հայաստանում այս դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 515-525 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,15 տոկոսով և կազմել 13,21 դրամ: Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ, ինչպես նաև հայկական դրամի արժեքի աճով:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքն այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Եթե անգամ տնտեսական վիճակագրությունը խառը լինի, նավթի բարձր գները կարող են աջակցել ռուբլուն: Այս շաբաթ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ակնկալվող բարձրացումը կխոչընդոտի դրամի նկատմամբ ռուբլու աճին:

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,10 – 13,35 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև