Մետաղների շուկա. եվրագոտու և Չինաստանի տնտեսական հեռանկարների վատացման ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները գտնվել են ճնշման տակ

26.03.2012 16:43
Մետաղների շուկա. եվրագոտու և Չինաստանի տնտեսական հեռանկարների վատացման ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները գտնվել են ճնշման տակ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու շուկայի առուվաճառքները բավական լայն միջակայքում են անցել, սակայն հստակ ուղղված միտում այդպես էլ չհաջողվեց ձևավորել: Արդյունքում՝ ոսկին շաբաթը եզրափակեց նախորդ շաբաթի փակման գների աննախադեպ մերձավորությամբ՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1661,61 ԱՄՆ դոլար նիշով: Առևտրային շաբաթվա սկզբին ոսկին աճեց՝ հասնելով շաբաթվա առավելագույնին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1669,50 ԱՄՆ դոլարի: Դա հիմնականում պայմանավորված է FOREX միջազգային արժութային շուկայում արժութային զույգի հիմքի ամրապնդմամբ:

Սակայն երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի ոսկին վաճառվել է նվազագույն գներով՝ եվրագոտուց և Չինաստանից ստացված թույլ տնտեսական տվյալների մուտք գործելուց հետո շուկաներում գների ընդհանուր նվազման ֆոնին, ինչպես նաև՝ հաշվի առնելով ամրապնդվող ամերիկյան դոլարը:  Բորսային ֆոնդերի ակտիվների ծավալի էական նվազումը, որն անդրադարձել է ոսկու վրա, նույնպես ուժեղացրել է թանկարժեք ակտիվի գնանշումների նվազումը: Այսպիսով, հինգշաբթի՝ մարտի 22-ին, թանկարժեք մետաղի գնանշումները հասել են տասը շաբաթվա նվազագույնին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1628,28 ԱՄՆ դոլարի:

Ամեն դեպքում, ուրբաթ՝ մարտի 23-ին, թանկարժեք մետաղի գնանշումները կարողացան վերականգնել իրենց կորուստները ԱՄՆ դոլարի թուլացման ֆոնին, քանի որ նվազող ամերիկյան արժույթը նպաստում է այս ակտիվի գրավչության ավելացմանը այլ արժույթ պահողների համար:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է ոսկու փոքր աճ կամ արժեքի կոնսոլիդացում, սակայն կայուն աճող դինամիկայի վերսկսման համար պետք է վերականգնվի կայուն ներդրումային և ֆիզիկական պահանջարկը: Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի համար որպես հակադրություն կարող է հանդես գալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1685 ԱՄՆ դոլարը: Միաժամանակ ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը առաջվա պես կխոչընդոտեն ոսկու աճին:

Ներկա պահին ոսկու ֆիզիկական պահանջարկի նվազման հիմնական ռիսկերը գալիս են Հնդկաստանից, որտեղ բողոքի ակցիա են սկսել ոսկու վաճառքով զբաղվողները. նրանք դեմ են կառավարության՝ թանկարժեք մետաղի վաճառքի տուրքերն ավելացնելու որոշմանը: Ակտիվի ֆիզիկական պահանջարկը հավանաբար կբարելավվի, երբ բողոքողները հանդարտվեն:

Ընթացիկ շաբաթում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է նաև ազդեցություն թողնել ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան վիճակագրությունից պետք է ընդգծել մարտի սպառողական վստահության վերաբերյալ տվյալները և 2011թ.-ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ծավալի վերջնական փոփոխությունը, ինչպես նաև Տնտեսագետների ազգային ասոցիացիայի համաժողովի ժամանակ ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեի ելույթը: Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել IFO գործակալության՝ Գերմանիայի գործնական միջավայրի մարտյան տրամադրությունների ցուցիչի  տվյալների հրապարակումը:
Եթե վերը նշված տնտեսական վիճակագրությունը, չնայած կանխատեսումներին, բացասական լինի, իսկ Բերնանկեի մեկնաբանությունները կրկին հիասթափեցնեն շուկայի մասնակիցներին, ոսկին կարող է շարունակել իր նվազումը: Առաջիկա հինգ առևտրային օրերին ոսկու համար աջակից կարող է հանդես գալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1625,0 ԱՄՆ դոլար նիշը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը  նվազեց 1,94 տոկոսով՝ կազմելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,8070 ԱՄՆ դոլար: Կարմիր մետաղի նվազման հիմնական պատճառ դարձավ համաշխարհային տնտեսության վերականգնման շուրջ մտավախությունները և Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցումը: ԱՄՆ-ի բնակշուկայից ստացված անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը նույնպես լավատեսություն չավելացրեց: Ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նախկինի պես ճնշում գործադրեցին պղնձի գնանշումների վրա:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի համար լրացուցիչ աջակից գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) այդ ակտիվի նվազող բորսային պաշարը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան շատ անգամ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից: Սպասվում է, որ այդ վիճակագրությունը չափավոր դրական կլինի: Եթե կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ում 2011թ.-ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ծավալի փոփոխման տվյալներն ու Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը բարենպաստ գտնվեն, իսկ պարոն Բերնանկեի մեկնաբանությունները չափավոր դրական լինեն, գունավոր մետաղները, որոնց թվում նաև պղինձը, կարող են շարունակել իրենց աճը:

Սակայն, եթե այդ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը կրկին վերսկսի իր աճը, պղինձը կարող է նաև էժանանալ: Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքն է 3,70 – 3,95 ԱՄՆ դոլարը՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքն ու խմբագրության դիրքորոշումը կարող են չհամընկնել


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև