ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

27.03.2012 14:38
ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) նախատեսում է նվազագույնը մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդնել Հայաստանի էներգամատակարարաման ոլորտում, հայտարարեց Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման (Tomasz Telma):

«Մեր թիմը մասնագետների հետ հետազոտում է շուկան պարզելու համար, թե ինչպիսի էներգախնայող ապրանքների ներդրումն ավելի նպատակահարմար կլինի Հայաստանում», - ասաց նա երեքշաբթի Բիբլոս Բանկ Արմենիայի հետ հիփոթեքային ֆինանսավորման ոլորտում 10 մլն դոլարի վարկային համաձայնագրի ստորագրման ժամանակ:

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիբլոս Բանկ Արմենիան 10 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային և բնակարանային վարկավորման համար՝ բնակարանների էներգարդյունավետության բարձրացման նպատակով: Համաձայնագիրը կնպաստի Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացմանը, էներգիայի տնտեսմանը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:

Թելմայի խոսքով՝ ՄՖԿ-ն հուսով է, որ հնարավորություն կունենա աշխատել նաև այլ հայկական բանկերի հետ բիզնեսի և առևտրի ոլորտում էներգախնայող ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Սա հանրապետությունում մեր առաջնահերթ ուղղություններից մեկն է, և Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրվող վարկը մեր կողմից այս ոլորտում ներդրվող առաջին ապրանքներից մեկն է», - նշել է նա:
Թելման տեղեկացրեց, որ ՄՖԿ-ի ծրագրերն ուղղված կլինեն մաքուր էներգիայի աղբյուրների ստեղծմանը, որոնք կնվազեցնեն Հայաստանի կախվածության մակարդակը ներկրվող էներգակիրներից:
«Մյուս կողմից, մենք աշխատում ենք բանկերի և շուկայի մասնակիցների հետ, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորել նման նախագծեր, որոնց իրականացման արդյունքում կնվազի էներգիայի սպառումը», - ավելացրել է նա:

2011 թ.-ի սկզբին Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համատեղ 100 հայկական ընկերությունների շրջանում ՄԿՖ-ի անցկացրած հետազոտության համաձայն, էներգարդյունավետության ոլորտում Հայաստանի ներդրումային ներուժը կազմում է շուրջ 200 մլն դոլար: Հետազոտության տվյալներով՝ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները կարող էին էներգածախսերի գծով տնտեսել մինչև 14,5 տոկոս՝ միջոցներ ներդնելով էներգամատակարարման ոլորտում:

Հայաստանը Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգկրված  IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին: IFC-ը 17 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 202 մլն դոլար 35 ծրագրերի շրջանակներում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև