Անելիք Բանկը բիզնես-վարկերի վարկանշավորման սքորինգային համակարգ է ներդրել

29.03.2012 14:07
Անելիք Բանկը բիզնես-վարկերի վարկանշավորման սքորինգային համակարգ է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» առաջին անգամ ներդրեց բիզնես վարկերի վարկանշավորման հատուկ սքորինգային համակարգ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և ներդրվել է վարկերի վարկանշավորման սեփական սքորինգային համակարգը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համակարգը հնարավորություն կտա Բանկին առավել արդյունավետ ու  կարճ ժամանակահատվածում իրականացնել հնարավոր վարկառուների վարկունակության վերլուծություն:
Սքորինգը վարկառուի վարկարժանության գնահատականն է, որն իրենից ներկայացնում է  վիճակագրական կամ մաթեմատիկական տեխնիկաների կիրառման մոդել, որի օգնությամբ,  հիմնվելով Բանկի «նախորդ» հաճախորդների վարկային պատմության վրա, բանկը փորձում է որոշել, թե որքան մեծ է այն հավանականությունը, որ կոնկրետ պոտենցիալ վարկառուն կվերադարձնի վարկը ժամկետներում:

Հաղորդագրության համաձայն, համակարգը ստեղծվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մոտ մեկ տարվա բուռն քննարկումների և վերլուծությունների արդյունքում: Բանկի մասնագետները համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում համագործակցել են տարբեր միջազգային կառույցների հետ և այն մշակել են  գոյություն ունեցող համակարգերի ուսումնասիրման, միջազգային լավագույն փորձի հիման վրա:

Աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել Բազելյան կոմիտեի պահանջները, միջազգային փորձը և «Անելիք Բանկ» ՓԲԸ  վարկային ռիսկերի կառավարման քաղաքականությունը: Բանկում ներդված համակարգը հաշվի է առնում ինչպես քանակական, այնպես էլ որակական ու գրավային ցուցանիշներն իրենց համապատասխան կարևորությամբ:

«Հայաստանյան բանկերից առաջինը ներդնելով բիզնես վարկերի վարկանշավորման սքորինգային նման կարգի համակարգ` մենք վստահ ենք, որ այն ոչ միայն կարագացնի վարկավորման գործընթացը, այլև հնարավորություն կտա սահմանել յուրաքանչյուր վարկառուի գործունեությանը համապատասխան պայմաններ»,-  ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Ուսումնական Կենտրոնի տնօրեն Մկրտիչ Թադևոսյանը, ավելացնելով, որ  համակարգի շնորհիվ Անելիք Բանկի վարկառուներին կշնորհվեն արժանի վարկանիշեր:

Տվյալ համակարգի մյուս դրական կողմերից մեկը Թադևոսյանը համարում է այն, որ այն, տարբեր ցուցանիշներ համադրելով իրար, նվազեցնում է վարկային մասնագետի սուբյեկտիվիզմը:

«Իհարկե, վարկավորման վերջնական որոշումը կայացնում է վարկային  մասնագետը, սակայն դրա վրա մեծ ազդեցություն է ունենալու սքորինգային համակարիգի միջոցով ստացված վերջնական գնահատականը»,- ավելացրեց նա:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-388,93 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև