Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

11.04.2012 11:28
Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաթբի կայացած նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտին արձանագրվել է 0.1% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 2.2%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում՝ 4 ±1,5%:

Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածի զարգացումները հիմնականում Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի շրջանակներում են. առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո պարենային ապրանքների միջազգային գները ձևավորում են թույլ գնաճային միջավայր:

Մինչդեռ շարունակում է դրսևորվել Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված՝ նավթամթերքի շուկայում գների աճի ռիսկը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումներով:

Միաժամանակ խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի վրա ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին և, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունների զարգացման ներկա հեռանկարում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր 2011թ. սեպտեմբերի 6-ին՝ այն 8,5%-ից իջեցնելով 8%-ի:

Ըստ ՀՀ 2012թ. պետբյուջեի՝ երկրում գնաճը նախատեսված է 4% (±1,5%) մակարդակում:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև