Ամերիաբանկը մեկնարկել է երիտասարդ մասնագետներին աջակցող «Ամերիա Սերունդ» ծրագիրը

29.06.2012 17:28
Ամերիաբանկը մեկնարկել է երիտասարդ մասնագետներին աջակցող «Ամերիա Սերունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ամերիաբանկը» հայտարարեց նոր նախաձեռնության` «Ամերիա Սերունդ» ծրագրի մեկնարկի մասին:

«Ամերիաբանկը հայտարարել է, որ անցնում է բանկային ունիվերսալ ծառայությունների, և այդ ռազմավարության շրջանակում մենք մեր առաջ մեծածախ ծառայություների զարգացման և շուկայում մասնաբաժինն ընդլայնելու խնդիր ենք դրել: Ելնելով այդ տրամաբանությունից՝ մեզ համար առաջնային խնդիր է համապատասխան կադրերի առկայությունը», – ասաց «Ամերիաբանկի» մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է երիտասարդ, եռանդով լի և նպատակասլաց սկսնակ մասնագետների զարգացումն ու ապագա առաջնորդների բացահայտումը:
«Ծրագրի միջոցով «Ամերիաբանկը» ստեղծում է հնարավորություն՝ աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ երիտասարդներին սկսելու իրենց աշխատանքային ուղին հենց «Ամերիաբանկում» և ստանալու գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, բանկային գործի, ինչպես նաև գործարար միջավայրում աշխատելու վերաբերյալ»,-ասաց Բարսեղյանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հավաքագրել 20-25 տարեկան, բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների, որոնք անցնելով համապատասխան ընտրության գործընթաց,  հնարավորություն կստանան մասնակցելու «Ամերիա սերունդ» ծրագրին և մի քանի ամիսների ընթացքում վերապատրաստվելու «Ամերիաբանկում»:

Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները  հնարավորություն կունենան «Ամերիաբանկում»  աշխատանքի  անցնելու:

Մարդկային ռեսուրսների բաժնի պետ Արմինե Ղազարյանն էլ իր հերթին նշեց, որ ամեն տարի իրենց բանկում ուսանողական պրակտիկա անցնելու համար դիմում են 700 երիտասարդներ, որոնցից 150-200-ն անցնում են պրակտիկա, իսկ նրանց կեսն էլ աշխատանքի: «Մեր անձնակազմի միջին տարիքը 33 է, և մենք մշտապես կարեւորում ենք երիտասարդների ներգրավումը»,- ասաց Արմինե Ղազարյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:–-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև