ԱՊՊԱ-ի շնորհիվ հայ ապահովագրողների վնասները 78%-ից հասել են 69,3%-ի. թերթ

12.07.2012 13:22
ԱՊՊԱ-ի շնորհիվ հայ ապահովագրողների վնասները 78%-ից հասել են 69,3%-ի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ապահովագրական շուկայում գործող ընկերությունների վնասաբերության մակարդակը 2012 թվականի 5 ամիսների կտրվածքով կտրուկ նվազել է, և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության հետ կապված խնդիրները, կարծես, նահանջում են, գրում է «Օրակարգ» թերթը։

Պարբերականի համաձայն, եթե ընթացիկ տարվա հունվար-ապրիլին հավաքագրված յուրաքանչյուր 100 դրամից ապահովագրական ընկերությունները հատուցման են ուղղել 77,7 դրամը, ապա հինգ ամիսների կտրվածքով վճարվող հատուցումների մակարդակը նվազել է մինչև 69,3 դրամ։ Հունվար-մայիսի ընթացքում ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կազմել է շուրջ 350 հազար։

Միայն մայիսին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության մոտ 8 հազար պայմանագիր, ընդ որում պայմանագրի միջին սակագինը կազմել է 76,2 հազ. դրամ։ Հոդվածում ասվում է, որ ԱՊՊԱ-ի գծով տարեկան պայմանագրի նվազագույն արժեքը կազմում է 25 հազ. դրամ։ Միաժամանակ մայիսին փոխհատուցում ստանալու հայտերի թիվը կազմել է 3,6 հազար, ինչը գերազանցել է ապրիլի ցուցանիշը 1,1 հազարով կամ 31 տոկոսով։ Փոխհատուցում ստանալու հայտերի թվի ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև փոխհատուցման միջին գումարը։ Եթե ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին տվյալ ցուցանիշը կազմում էր 203 հազ. դրամ, ապա արդեն մայիսին այն կազմել է 220 հազ. դրամ։ Բայց, չնայած դրան, ապահովագրական ընկերությունների խնդիրները, այնուամենայնիվ, սկսել են նահանջել։

Այսպես, եթե սկսած նախորդ տարվա երկրորդ կեսից ոլորտի վնասաբերությունն անընդհատ աճում էր՝ հասնելով 78 տոկոսանոց մակարդակի, ապա ընթացիկ տարվա արդեն առաջին հինգ ամիսներին վնասները կրճատվել են մինչև 69,3 տոկոս։ Ըստ էության, վերջին ամսվա ընթացքում ապահովագրական ընկերությունները կարողացել են վնասաբերության մակարդակն իջեցնել 8,7 տոկոսով: Վնասաբերության մակարդակի կրճատումը պայմանավորված է նրանով, որ ԱՊՊԱ պայմանագրերով ստացված ապահովագրական մուտքերը վերջին հինգ ամիսների արդյունքներով կազմել են 5,4 մլրդ դրամ։

Տվյալ ցուցանիշի աճը բացատրվում է կարճաժամկետ ապահովագրական պայմանագրերի ժամկետի ավարտի հետ կապված ապահովագրական վնասների պահուստների ծավալի կտրուկ կրճատմամբ։ Եթե հաշվի առնենք այն, որ ապահովագրական ընկերությունների պորտֆելների կառուցվածքում դեռևս բարձր է կարճաժամկետ ապահովագրական պայմանագրերի մասնաբաժինը, ապա կարելի է ենթադրել, որ վնասաբերության մակարդակը, հավանաբար, կշարունակի նվազել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև