Անցած շաբաթվա ընթացքում դրամի կտրուկ արժևորումը պայմանավորված էր դոլարի արհեստական առաջարկով. թերթ

17.07.2012 13:17
Անցած շաբաթվա ընթացքում դրամի կտրուկ արժևորումը պայմանավորված էր դոլարի արհեստական առաջարկով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սահմանադրության օրվան (հուլիսի 5) հաջորդող ուրբաթը ոչ աշխատանքային հայտարարելու գործադիրի որոշումը հանգեցրել է դրամի 8 կետով ամրապնդման, և կարելի է պնդել, որ այդ արժևորումը պայմանավորված էր դոլարի արհեստական առաջարկով և սպեկուլյատիվ սպասումներով, գրում է «Օրակարգ» թերթով:

Այս կամ այն տոնին հաջորդող մեկ կամ երկու օրը ոչ աշխատանքային հայտարարելու կառավարության որոշումներն իրենց ազդեցություն են ունենում ոչ միայն տնտեսության իրական հատվածի, այլև ֆինանսական շուկայի վրա, գրում է թերթը: «Մայիսի մեկնարկած դրամի արժեզրկումը հուլիսի 9-14 ընկած ժամանակահատվածում ոչ միայն կանգ առավ, այլև դրամը կտրուկ արժևորվեց մոտ 2 տոկոսով: Այսպես, եթե հուլիսի 9-ին բանկերի կողմից դոլարի առքի փոխարժեքը 417 դրամ էր, ապա հուլիսի 14-ին այն արդեն 409 էր»,- գրում է թերթը:

Նշված ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 120 մլն և վաճառվել 126 մլն դոլար: Մեկ շաբաթվա ընթացքում բանկերը սովորաբար գնում են միջին 70-80 մլն և վաճառում են 80-90 մլն դոլար:
Հոդվածում նշվում է, որ անցած շաբաթվա առաջին երեք օրվա ընթացքում առանձին բանկերում դոլարի ավելցուկի մասին է վկայում նաև այն, որ միջբանկային շուկայում ընդհանուր առմամբ իրականացվել է 3,7 մլն դոլարի առք և վաճառքի գործարք (հունիսի 25-29-ը գործարքների ծավալը կազմել է 1,7 մլն դոլար):
Հաշվի առնելով ԿԲ նորմատիվների պահանջները՝ ավելցուկը բանկերը վաճառել են բորսայի միջոցով: Անցած շաբաթ « Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացվել է մոտ 20 մլն դոլարի գործարք: Այդ ծավալի մի մասը, ամենայն հավանականությամբ , ձեռք է բերել ԿԲ-ն:

«Եթե հաշվի առնենք, որ անցած շաբաթվա ընթացքում բորսայում միջին փոխարժեքը եղել է մեկ դոլարի դիմաց 412,6 դրամ հարաբերակցությունը, իսկ ԿԲ-ն հունիսին բորսայում վաճառել է 25,6 մլն դոլար՝ 414 դրամ և 1,6 մլն դոլար՝ 419,44 փոխարժեքով, ապա անցած շաբաթ բորսայից դոլար ձեռք բերելով՝ ԿԲ-ն ամենայն հավանականությամբ, «բավական կլորիկ գումար է աշխատել»,- գրում է թերթը:

Թերթը գրում է, որ թեև ԿԲ-ն միջամտել է արտարժութային շուկային և մեղմել դրամի ամրապնդման գործընթացը, միջամտությունը, այնուհանդերձ, ուշացած էր, ինչի հետևանքով ձևավորվել են դրամի հետագա ամրապնդման սպասումներ՝ տեղի տալով սպեկույլացիաների: Դա է վկայում թերևս այն, որ հուլիսի 9-ին բորսայում միջին փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,25 դրամն էր, ապա հուլիսի 10-ին փոխարժեքը կտրուկ փոխվել է և կազմել 415 դրամ՝ մեկ դոլարի դիմաց: Հուլիսի 14-ին բորսայում միջին փոխարժեքը կազմել է 411,5 դոլար՝ մեկ դոլարի դիմաց:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև