Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությունը բաց է Հայաստանի համար. Նարիշկին

24.07.2012 17:01
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությունը բաց է Հայաստանի համար. Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությունը բաց է Հայաստանի համար, երեքշաբթի ՀՀ ԳԱԱ-ում հայ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

«Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միությունը բաց է ԱՊՀ երկրների համար, և քաղաքական կամքի և մյուս պետությունների պատրաստակամության դեպքում, այն կընդլայնվի։ Նման երկրներից մեկը կարող է լինել Հայաստանը, որն արդեն ԵվրԱզԷՍ-ի դիտորդի կարգավիճակ ունի»,- ասաց Նարիշկինը։

Ըստ նրա, առաջին գործնական քայլը ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի վավերացումն է։

ՌԴ Պետդումայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ամուր տնտեսական կապերը հատկապես արդիական են դարձնում Հայաստանի և Եվրասիական ինտեգրացիոն նախագծի երկրների գործակցության հարցը։

«Մենք գիտենք, որ ձեր երկրում մեծ հետաքրքրությամբ են հետևում Եվրասիական ինտեգրման հիմնական փուլերի անցկացմանը, մասնավորապես՝ Մաքսային միության ստեղծմանը, Միասնական տնտեսական տարածության ձևավորմանն ու 2015թ.-ի հունվարի մեկին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանների պատրաստմանը»,- ասաց Նարիշկինը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև