Moody’s-ը վատացրել է 17 գերմանական բանկերի վարկանիշների կանխատեսումները

26.07.2012 15:38
Moody’s-ը վատացրել է 17 գերմանական բանկերի վարկանիշների կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը չորեքշաբթի նվազեցրել է Գերմանիայի 17 բանկերի և դրանց մի շարք մասնաճյուղերի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումները՝ կայունից հասցնելով բացասականի, հինգշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայաբերելով գործակալության հայտարարությունը:

Այդ բանկերի թվում են KB Deutsche Industriebank և Deutsche Postbank:

Փոխվել են այն բանկերի վարկանիշները, որոնց «ֆինանսական գնահատականը կախված է պետության աջակցությունից կամ դաշնային հողերից»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, գործակալությունը վատացրել էր Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (ՖԿԵՀ) նախնական երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով բացասականի:

Բացասական կանխատեսումը նշանակում է վարկանիշի հնարավոր նվազում առաջիկա 12-18 ամիսներին։

Ավելի վաղ՝ այս շաբաթ, Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վատացրել էր Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի «Ааа» վարկանիշների կանխատեսումը՝ հասցնելով բացասականի: Վարկանիշային գործողությունները Moody’s-ը բացատրել է մի շարք առանցքային գործոններով՝ եվրագոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալը, և նույնիսկ այն դեպքում, եթե երկիրը մնա արժութային միությունում, մեծ է այն հավանականությունը, որ օգնության կարիք կունենան եվրագոտու մյուս անդամները՝ Իսպանիան և Իտալիան:

Բացի այդ, եվրագոտում իրավիճակի հնարավոր խորացման պատճառների թվում Moody’s-ը նշել է նաև եվրոպական քաղաքական գործիչների՝ պարտքային ճգնաժամին ուղղված պատասխանը: Իտալական և իսպանական տնտեսությունների իրավիճակի շարունակական վատացումը գերազանցում է արտաքին ֆինանսական օգնության համար այդ երկրների դիմելու ռիսկը:

Միաժամանակ Moody’s-ը չի բացառել, որ հետագայում ևս կարող են բացասական վարկանիշային գործողություններ լինել Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հանդեպ: Դրան կարող են հանգեցնել պետական ծախսերի աճը և եվրագոտուց ցանկացած երկրի դուրս գալը, ինչպես նաև պարտքերի վերաֆինանսավորման ծախսերի աճը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post