Հայաստանում ՀՆԱ-ի 7% աճ ապահովելու միտումները դրական են. ՄՖԿ

26.07.2012 15:58
Հայաստանում  ՀՆԱ-ի 7% աճ ապահովելու միտումները դրական են. ՄՖԿ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ի արդյունքում 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու միտումները լիովին դրական են, կարծում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):

«Հայաստանի տնտեսական աճը դեռ միանիշ թվերով է արտահայտվում, սակայն միտումները դրական են»,- «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Լյուբեքը:

Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր ձևավորված կառավարության առաջ խնդիր դրեց՝ պետբյուջեի կողմից նախատեսված 4,2 տոկոսի փոխարեն 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովել։ Անցյալ տարվա արդյունքում այդ ցուցանիշը կազմել էր 4,6 տոկոս։

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ կարևոր է հստակ խնդիրներ դնել, լինի դա տնտեսական աճի ապահովում, երկրի աղքատության մակարդակի նվազեցում կամ որևէ այլ բան:

Ընդգծելով, որ երկիրը շատ հարցերում շահում է երկրում առկա բանկային համակարգի մրցունակության առկայությունից՝ Լյուբեքը նշել է նաև, որ Հայաստանն այսօր մեծ հնարավորություններ ունի գյուղատնտեսական արտադրանքի եվրոպական շուկա դուրս գալու համար:

Միաժամանակ նա նշել է, որ հայկական կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ կանի կառավարությունը, սակայն այսօր մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու համար»,- ավելացրել է Լյուբեքը:

Ըստ հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի առաջին կիսամյակում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կազմել է 7,8 տոկոս:

Հայաստանը Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգրկված IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին: IFC-ը 17 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 238 մլն դոլար 37 ծրագրերի շրջանակներում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև