Երևանի քաղաքապետը քաղաքային կայուն զարգացման ծրագրի իրագործման ընթացքն է քննարկել ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ

31.07.2012 14:29
Երևանի քաղաքապետը քաղաքային կայուն զարգացման ծրագրի իրագործման ընթացքն է քննարկել ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի քաղաքային կայուն զարգացման ծրագրի իրագործման ընթացքն է քննարկել ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Հայաստանի և Ասիական զարգացման բանկի կառավարության միջև քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի վերաբերյալ 400 մլն դոլարի շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2011 թվականի մարտի 24-ին, վավերացվել է հայկական խորհրդարանի կողմից նույն տարվա հունիսի 23-ին։

Ծրագիրը վերաբերում է Երևանում երկու ճանապարհային հատվածների կառուցմանը, մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությանը:

Վարկը տրամադրվել է 32 տարով՝ տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով 8-ամյա արտոնյալ ժամկետով։ Նախատեսված է նաև 20-տոկոսանոց համաֆինանսավորում կառավարության կողմից։

«Նախորդ հանդիպման ժամանակ ես կարևորել էի ծրագրի իրականացման աշխատանքներն օր առաջ սկսելու անհրաժեշտությունը, և կրկին վերահաստատում եմ այս ծրագրի մեկնարկի առաջնայնությունը: Կարող եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք շարունակական համագործակցության»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի քաղաքային զարգացման և ջրային բաժնի տնօրեն Անանդ Չիփլանքըրն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ծրագրի շրջանակում ցուցաբերած աջակցության համար և նշել է, որ բանկի և քաղաքապետարանի աշխատանքային խմբերը ինտենսիվ աշխատանքներ են տանում, ու պարբերաբար քաղաքապետին հաշվետվություն կներկայացվի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

«Մենք անում ենք ամեն ինչ, որ սեպտեմբերին կայանալիք միջազգային մրցույթով հաղթած խորհրդատու ընկերությունները հնարավորին չափ շուտ սկսեն աշխատանքները»,- նշել է Անանդ Չիփլանքըրը:

Հանդիպման ընթացքում կողմերը ծրագրի իրականացման ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև