ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո կհատկացնի Երևանի մետրոյի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

06.08.2012 15:58
ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո կհատկացնի Երևանի մետրոյի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 5 մլն եվրոյի չափով վարկ կհատկացնի մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Համապատասխան համաձայնագիրը նախօրեին ստորագրել են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն: Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո և նույնչափ գումարով Եվրոպական միության կողմից ներդրումային դրամաշնորհով:

Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմերի արդիականացումը:

Ծրագրի առաջին փուլը ևս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010 թ.-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով:

Փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է Երևանի քաղաքապետարանի համար և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը  կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային  տնտեսության այլ ոլորտներ:

«Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է, և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»,- ասել է  Մարգարյանը:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իր հերթին կարևորություն տալով երևանյան քաղաքապետարանի հետ համագործակցությանը և շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակելու քաղաքային տնտեսության մյուս ոլորտների համատեղ նախագծերը:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հիմադրվել է 1981թ.-ին, ներկա պահին գործում է մետրոյի տասը կայան: Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post