ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8%-ի մակարդակում

08.08.2012 16:21
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8%-ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2012 թ. օգոստոսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:
2012 թ. հուլիսին արձանագրվել է 1.5% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%` մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին՝ 4 ±1,5%:

ԿԲ խորհուրդը կարծում է, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային և կայունացման միտումներ: Սակայն նախանշվեց Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձևավորման ռիսկը: Ըստ ԿԲ խորհրդի անդամների, դա կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով:

Խորհուրդը ՀՀ տնտեսության հետագա զարգացումները գնահատել է  թույլ գնաճային՝ պայմանավորված առկա ցածր գնաճային միջավայրի ու տնտեսության վարկավորման շարունակական բարձր աճի ազդեցությամբ մասնավոր սպառման աճի արագացող տեմպերով, ինչը հնարավոր է կշարունակվի նաև առաջիկա ամիսներին` հանգեցնելով համախառն պահանջարկի ավելացմանը և գնաճային ներուժի ձևավորմանը:

«Հաշվի առնելով առաջիկայում գնաճի` 2012 թ-ի երկրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների մեծ անկմամբ պայմանավորված ցածր մակարդակից բարձրացումը, ինչպես նաև գնաճային միջավայրի ընդլայնման վերոնշյալ ռիսկերը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձևավորվի տատանումների թույլատրելի 4% +/- 1.5 տոկոսային կետ միջակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև