Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման համար

09.08.2012 16:48
Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական  ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման նպատակով, հայտնում է Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը`ներկայացնելով Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ԵՆԲ–ի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հենս Օլբերսի հանդիպման արդյունքները։

«ԵՆԲ–ն պատրաստ է հատկացնել մինչև 50 մլն դոլար Վանաձորից մինչև Բագրատաշեն 92–կիլոմետրանոց ավտոճանապարհի (Վրաստանի հետ սահմանում) նորոգմանն ու բարեկարգմանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Հանդիպմանը ներկա Հայաստանում ԵՆԲ-ի գործառնությունների համար պատասխանատու վարկային աշխատակից Ջորջիա Կուտսիանան նշել է, որ կատարվող տեխնիկական ուսումնասիրության արդյունքները ցույց կտան, թե որքան գումար կպահանջվի այդ ճանապարհների վերականգնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական ուսումնասիրությունների և նախագծերի իրականացման ժամանակացույցին առնչվող հարցեր:

Հեինց Օլբերսն ընդունել է նախարարի առաջարկությունը` Հայաստանի հետ կապված ծրագրերն արագ իրականացնելու ուղղությամբ: Բանկը համաձայնություն է հայտնել քննարկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշին ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը:

Վարկավորման բաժնի պետ Ֆիլիպ Շիմչակն ասել է, որ ԵՆԲ-ը հնարավորություն և ցանկություն ունի ավելի մեծ գումարներ հատկացնելու Հայաստանին ուղղված ծրագրերին: Գագիկ Բեգլարյանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Երրորդ Տրանշի, ինչպես նաև Եվրոպական Ներդրումային Բանկի ներկայացրած ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև