Անգլիայի Բանկի ղեկավարն առաջարկել է չեղյալ հայտարարել LIBOR տոկոսադրույքը

10.08.2012 16:45
Անգլիայի Բանկի ղեկավարն առաջարկել է չեղյալ հայտարարել LIBOR տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. LIBOR միջբանկային տոկոսադրույքը, որը սահմանում է վարկային տոկոսները ողջ աշխարհում, դադարել է նորմալ գործել, և այն պետք է չեղյալ հայտարարել։ Այդ մասին է հայտարարել Անգլիայի Բանկի ղեկավար Մերվին Քինգը, գրում է Банки.Ру–ն` հղում անելով The Daily Telegraph–ին։ Նա ավելացրել է, որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից սկսած LIBOR–ը դադարել է կիրառվել բանկիրների կողմից։

Քինգի խոսքով՝ ներկայում միմյանց փոխառություններ տրամադրելով, կողմնորոշվում են կոնկրետ բանկի ռիսկերով, իսկ դրանք զգալիորեն տարբերվում են յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպությունում։ «Ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարների և ֆունտերի գործառնությունները կապել ինչ-որ բանի հետ, որ իրականում գոյություն չունի»,– հայտարարել է նա։

Նախորդ շաբաթ բրիտանական կառավարությունը սկսել է ուսումնասիրել ընդհանուր տոկոսադրույքի սահմանման ընթացակարգի հնարավոր փոփոխության հարցը։ Դա որոշվեց հասարակայնության` տոկոսադրույքների ավելի թափանցիկ և համապատասխան համակարգի կազմակերպման բազմաթիվ պահանջներից հետո։

Հունիսի վերջին LIBOR–ի հետ մեքենայություններ են բացահայտվել  Barclays առաջատար բրիտանական բանկում։ Դրան հաջորդել է նաև հետաքննություն LIBOR–ի հետ գործ ունեցող այլ բանկերի նկատմամբ։ Սկանդալի ֆոնին սկզբում հրաժարական է տվել Barclays–ի տնօրենների խերհրդի նախագահ Մարկուս Էյջիուսը, այնուհետև` բանկի գլխավոր տնօրեն Բոբ Դայմոնդը։ Վերջինը մեքենայություններին մասնակցելու մեջ մեղադրել է Անգլիայի Բանկը։

Տոկոսադրույքների չարաշահումների հետ խարդախություններին մասնակցած բանկերին տուգանքների լուրջ պատժամիջոցներ են սպառնում։ Դրանց ընդհանուր կորուստները կարող են կազմել մինչև 22 մլրդ դոլար։ Սկանդալի քննությունը կարող է տևել մի քանի տարի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև