Իսպանիան օրերս կարող է ԵՄ–ից բանկերի աջակցության համար 30 մլրդ եվրո խնդրել

14.08.2012 14:45
Իսպանիան օրերս կարող է ԵՄ–ից բանկերի աջակցության համար 30 մլրդ եվրո խնդրել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի էկոնոմիկայի նախարարությունը և ԿԲ–ն Եվրամիությանը դիմում են պատրաստում` բանկային հատվածին 30 միլիարդ եվրոյի հատկացման խնդրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական  La Vanguardia թերթին, որն էլ իր հերթին հղում է անում նախարարության իր աղբյուրին։
«Էկոնոմիկայի նախարարությունը և Իսպանիայի Բանկը հրատապ նամակ են պատրաստում, որը կառավարությունը կուղղի Բրյուսել` ազգայնացված բանկերին 30 միլիարդ եվրոյի վարկ խնդրելու համար»,– գրում է պարբերականը։ Թերթի տեղեկացմամբ, այդ խնդրանքը շատ արագ կուղարկվի Բրյուսել, հնարավոր է, արդեն այս հիգշաբթի կամ ուրբաթ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, խոսքն այն չորս բանկերի մասին է, որոնք պատկանում են պետությանը պատկանող վերակապիտալացման ֆոնդին (FROB)` Bankia, Catalunya Caixa, NCG Banco և Banco de Valencia։ Այդ բանկերն առավել խնդրահարույց են Իսպանիայում։
ԵՄ–ի իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատում են սուվերեն պարտքի խնդիրների և բանկերի ոչ բավարար լիկվիդայնության ուղղությամբ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին պետք է սկսի գործել Ֆինանսական կայունության մեխանիզմը (ՖԿՄ), որն աստիճանաբար կփոխարինի Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմին (ՖԿԵՄ)։ Մեխանիզմի ընդհանուր ծավալը կազմում է 700 միլիարդ եվրո։ Միաժամանակ, դրա վարկային հզորությունը կլինի 500 միլիարդ եվրոյի մակարդակում, իսկ մնացած միջոցները` վարկառուների չվճարումների դեպքում պահուստն է։ ՖԿՄ–ն կկարողանա վարկավորել եվրագոտու երկրները դեֆոլտից դրանք փրկելու համար, վարկեր հատկացնել բանկերի վերակապիտալացմանը, ինչպես նաև հետ գնել արժութային միավորման խնդրահարույց երկրների սուվերեն պարտատոմսերն առաջնային և երկրորդային շուկաներում։
Իսպանիան եվրագոտու այն հինգ երկրներից մեկն է, որ դիմել է ԵՄ–ին ֆինանսական խնդիրների հաղթահարման խնդրանքով։ Մադրիդը պաշտոնապես օգնություն է խնդրել իր բանկերի համար հունիսի 25–ին։ ՖԿԵՄ–ի, այնուհետև ՖԿՄ–ի կողմից իսպանական FROB–ին տրամադրվելիք արտաքին օգնության ընդհանուր ծավալը կկազմի մինչև 100 միլիարդ եվրո։
Այս նպատակներով վարկերը կհատկացվեն փրկվող բանկերի մի շարք պարտավորությունների, ինչպես նաև բանկային համակարգի իրավիճակի բարելավման իսպանական պարտավորությունների դիմաց։ Մասնավորապես, եվրագոտու փողերով Իսպանիայի բանկերի փրկության ծրագրի շրջանակներում պարտավորություններին համապատասխան, ստեղծվում է ակտիվների կառավարման հատուկ ընկերություն։ Դրա մեջ մինչև 2012 թվականի ավարտը կտեղափոխվեն FROB–ին պատկանող բանկերի խնդրահարույց ակտիվները։
30 միլիարդ եվրոյի առաջին տրանշը կհատկացվի ՖԿԵՄ–ի կողմից Մադրիդին, և այդ միջոցները կօգտագործվեն անկանխատեսելի հրատապ ֆինանսական կարիքների համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև