Բրիտանական բանկը տուգանք կվճարի ԱՄՆ-ին՝ Իրանի հետ ունեցած գործարքների համար

15.08.2012 14:02
Բրիտանական բանկը տուգանք կվճարի ԱՄՆ-ին՝ Իրանի հետ ունեցած գործարքների համար

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բրիտանական Standard Chartered Bank-ը, որին մեղադրում են ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ համագործակցության մեջ, 304 մլն դոլար տուգանք կվճարի Նյու Յորք նահանգի կառավարությանը, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես տեղեկացրել է նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Բենջամին Լավսկին, առաջիկա երկու տարիների ընթացքում բանկը կգտնվի հսկողության տակ՝ նոր հնարավոր անօրինական գործարքները կանխելու նպատակով: Միաժամանակ, նշել է Բ.Լավսկին, բանկին արտոնագրից զրկելու վերաբերյալ լսումներ չեն անցկացվի:

Նախկինում Բ.Լավսկին 250 մլրդ դոլար է գնահատել Standard Chartered-ի կողմից իրականացված անօրինական տրանզակցիաների ծավալը: «Բանկի գործողություններն ԱՄՆ ֆինանսական համակարգը խոցելի են դարձրել ահաբեկիչների, զենք և թմրանյութ վաճառողների, ինչպես նաև  կոռումպացված ռեժիմների նկատմամբ: Բանկն իրավապահ մարմիններից թաքցրել է կրիտիկական  կարևոր տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է անօրինական գործունեությանը հետևելու համար»,- ասվում է Բ.Լավսկիի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Նյու Յորք նահանգնի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտը Standard Chartered-ին մեղադրել է Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելով իրանական ընկերությունների հետ անօրինական գործարքների մեջ:

ԱՄՆ-ն, Եվրոպան և Իսրայելն Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Այդ կապակցությամբ Իսլամական Հանրապետության հանդեպ մի շարք պատժամիջոցներ են կիրառվել: Մասնավորապես՝ 2012թ.-ի օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի տնտեսության ֆինանսական և էներգետիկ հատվածի դեմ: Ըստ նոր պատժամիջոցների՝ մասնավոր անձանց արգելված է աջակցություն ցուցաբերել Իրանի իշխանություններին՝ նավթի արտադրանքի վաճառքի հարցում: Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն հումքային իրանական նավթի, այլ նաև դրա վերամշակման արտադրանքների արտահանմանը: Միացյալ Նահանգները նաև խստացրել են ֆինանսական կազմակերպությունների հսկողությունը, որոնք գործեր են վարում իրանական բանկերի հետ, ներառյալ Իրանի Կենտրոնական Բանկը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև