Գերմանիայում առաջին մուսուլմանական բանկը կբացվի

29.08.2012 17:34
Գերմանիայում առաջին մուսուլմանական բանկը կբացվի

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շարիաթի օրենքներին համապատասխան, առաջին մուսուլմանական բանկն են պատրաստվում բացել Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Financial Times Deutschland թերթին։

«Մուսուլմանական բանկը,- գրում է թերթը,- ժամանակակից բանկային բիզնեսի վարման փորձ է` չխախտելով Ղուրանի դրույթները։ Մասնավորապես, Ղուրանն արգելում է տոկոսով գումար տալը։ Անշարժ գույքի ոլորտում դա ունի հետևյալ տեսքը` բանկն ինքն է տունը գնում և ավելի ուշ այն հաճախորդներին է վաճառում ավելի բարձր գնով»։

Բանկը մտադիր է բացել թուրքական Kuveyt Turk ֆինանսական ինստիտուտ, այն արդեն համապատասխան թույլտվություն է խնդրել BaFin ֆինանսական վերահսկողության գերմանական գերատեսչությունից։ Բանկը, հավանաբար, կբացվի Ernst & Young աուդիտորական ընկերության և Norton Rose փաստաբանական ֆիրմայի հետ համագործակցությամբ։

Եթե ամեն ինչ ընթանա ծրագրածի համաձայն, ապա բանկը կգրանցվի արդեն հոկտեմբերի սկզբին։ Առաջին մասնաճյուղերը կհայտնվեն այն քաղաքներում, որտեղ մեծ թվով մահմեդականներ են ապրում, նախևառաջ, Բեռլինում։

Նմանատիպ բանկեր արդեն գոյություն ունեն Մեծ Բրիտանիայում, բայց Գերմանիայում այդպիսի ֆինանսական ինստիտուտ ստեղծել դեռ չէր հաջողվում։ Դա, մասնավորապես, կապված է հարկերի վճարման բարդությունների հետ։ Բանկը, տուն գնելով, հողատարածքի ձեքբերման հարկ է վճարում։ Վերավաճառքի ժամանակ հաճախորդները պետք է այդ հարկը երկրորդ անգամ վճարեն։ Փորձագետները նշում են, որ առևտրի այս ձևն էապես կբարձրացնի տան գինը` այն ապառիկ գնելու համեմատ։

Մասնագետները կասկածներ ունեն, թե, արդյո՞ք, այդպիսի բանկային ծառայությունները հաջողություն կունենան Գերմանիայում։ Վիճակագրության համաձայն, Գերմանիայի մահմեդական բնակչության մասնաբաժինը կազմում է 5 տոկոս կամ մոտ 4.1 միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ, Գերմանիայում բնակվում է մոտ 82 միլիոն մարդ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև