ՀՀ պետբյուջեն կատարվել է տարվա արդյունքներով ծրագրված ցուցանիշի մոտ 50%–ով

29.08.2012 17:47
ՀՀ պետբյուջեն կատարվել է տարվա արդյունքներով ծրագրված ցուցանիշի մոտ 50%–ով

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեի եկամուտների ծրագրված ցուցանիշը 2012 թվականի հունվար–հուլիսին կատարվել է 54.4 տոկոսով, իսկ ծախսերինը` 53 տոկոսով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

«Պետբյուջեի պակասուրդը հունվար–հունիսին կազմել է 1.1 մլրդ դրամ։ Միաժամանակ, 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, բյուջեում ծրագրված է 53.4 մլրդ դրամի պակասուրդ»,– ասաց նա։

Ջանջուղազյանի խոսքով, 2012 թվականի յոթ ամիսների արդյունքներով պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.9 տոկոսով կամ 23.4 մլրդ դրամով` կազմելով 505.6 մլրդ դրամ` ապահովելով երրորդ եռամսյակի հստակեցված ծրագրի կատարողականի 76.6 տոկոսը։

«Եկամուտների հիմնական մասը` 476.7 մլրդ դրամը, ապահովվել է հարկերի, տուրքերի, ինչպես նաև սոցապահովագրության պարտադիր վճարների հաշվին, ինչը 7.1 տոկոսով (31,7 մլրդ դրամով) ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ–ի և բնապահպանական վճարների գծով գրանցված աճով»,– նշեց նա։

Ջանջուղազյանը նշեց, որ հունվար–հուլիսին պետբյուջեի ծախսերը կազմել են 516.7 մլրդ դրամ, ինչը 4.9 տոկոսով կամ 23.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից` ապահովելով երրորդ եռամսյակի հստակեցված ծրագրի կատարողականի 72.4 տոկոսը։ Պետբյուջեի ծախսերի գերակշռող մասը կազմել են ընթացիկ ծախսերը` 479,9 մլրդ դրամ, ինչը 7.6 տոկոսով կամ 34 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,– ասաց նա, նշելով, որ պետական մարմինների բոլոր պարտավորությունները բյուջետային ծախսերի ծրագրերի շրջանակներում ամբողջությամբ կատարվել են։

Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 8–ին ընդունած պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911.6 մլրդ դրամի, ծախսերը` 1044.1 մլրդ դրամի, իսկ պակասուրդը` 132.5 մլրդ դրամի չափով։

Եկամուտների հոդվածում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում հարկային եկամուտներին 732 մլրդ դրամի չափով, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրությանը` 142 մլրդ դրամի չափով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև