ԱՄՆ բորսաներն առուվաճառքն ավարտել են նվազմամբ

31.08.2012 13:35
ԱՄՆ բորսաներն առուվաճառքն ավարտել են նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ինդեքսները հինգշաբթի օրվա առևտրային նստաշրջանն ավարտել են նվազմամբ՝ երկրի աշխատանքի նախարարության կողմից օգոստոսի 25–ին ավարտված շաբաթվա համար հրապարակած գործազրկության նպաստների առաջնային հայտերի թվի տվյալների հիման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Առուվաճառքների փակմանը Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 0.81 տոկոսով և կազմել է 13000.7 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը կորցրել է 1.05 տոկոս և կազմել է 3048,71 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսն ընկել է  0,78 տոկոսով՝ կազմելով 1399.48 կետ:

ԱՄՆ–ում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվն օգոստոսի 25–ին ավարտված շաբաթվա համար նախորդ շաբաթվա համեմատ անփոփոխ է մնացել` կազմելով 374 հազար։ Իսկ վերլուծաբանները կարծում էին, որ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2 հազարով։ Այսպիսով, նախարարության տվյալները կանխատեսածից բացասական էին։ Օգոստոսի 18–ին ավարտված շաբաթվա տվյալները վերանայվել են դեպի բարձրացում` 372 հազարից մինչև 374 հազար։
Լավատեսություն չեն ավելացրել նաև Եվրոպայից ու Ասիայից ստացված տվյալները։

Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն, եվրագոտու տնտեսության նկատմամբ սխառողական և ձեռնարկատիրական վստահության ինդեքսն օգոստոսին հուլիսի ցուցանիշի համեմատ նվազել է 1.8 կետով` մինչև 86.1 կետը։ Տվյալները կանխատեսումներից բացասական էին` վերլուծաբանները կարծում էին, որ ցուցանիշը հուլիսի 87.9 կետի ցուցանիշից կնվազի մինչև 87.5 կետը։ Եվրամիության բոլոր 27 երկրների ցուցանիշը նվազել է 2 կետով` մինչև 87 կետ։

ԵՄ երկրների շրջանում տնտեսության նկատմամբ ինդեքսի առավելագույն նվազում է նկատվել Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Լեհաստանում։ Հակառակը, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում օգոստոսին այդ ցուցանիշն աճել է։
Բացի այդ, ինչպես նշում է ԳԴՀ Destatis վիճակագրական բյուրոն, Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում գործազրկության մակարդակն օգոստոսին կազմել է 6.8 տոկոս` պահպանվելով հուլիսի մակարդակում։

Ճապոնիայում մանրածախ վաճառքների ծավալը հուլիսին կրճատվել է 0.8 տոկոսով` հունիսին գրանցված 0.2 տոկոսանոց աճից հետո, թեև վերլուծաբանները միայն 0.1 տոկոսի կրճատում էին ակնկալում։ Վաճառքների անկում է նկատվում ութ ամիսների ընթացքում առաջին անգամ։

Ուրբաթ օրվա առուվաճառքի ընթացքը կախված կլինի ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարություններից ամերիկյան Ջեքսոն–Հոլլում, որտեղ կկայանա Դաշնային պահուստային համակարգի ամենամյա տնտեսական համաժողովը։ Առուվաճառքի մասնակիցներն ազդակներ են սպասում համաշխարհային խոշորագույն տնտեսության աջակցության նոր քայլերի վերաբերյալ։
DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։ S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև