ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները II եռամսյակում աճել են 13,5%-ով՝ կազմելով շուրջ 156,5 մլրդ դրամ

31.08.2012 14:42
ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները II եռամսյակում աճել են 13,5%-ով՝ կազմելով շուրջ 156,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2012թ.-ի երկրորդ եռամսյակում ավելացել են 13,5 տոկոսով կամ 18,6 մլրդ դրամով և հունիսի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 156,5 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է համարվում «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը` ավելի քան 24,8 մլրդ դրամ ցուցանիշով: «Նորվիկի» ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 25,3 տոկոսով կամ շուրջ 5 մլրդ դրամով: Համախառն ակտիվներում «Նորվիկ» ՈՒՎԿ-ի մասնաբաժինը կազմում է 15,8 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են ընդգրկվել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ` 19,5 մլրդ դրամ, 3,9 տոկոս աճ կամ 744,8 մլն դրամ (համախառն ակտիվների մասնաբաժինը`12,5%), «Ֆինկա» ՈՒՎԿ` շուրջ 19,4 մլրդ դրամ, 17,6 տոկոս աճ կամ 2,9 մլրդ դրամ (12,3%), «Արեգակ» ՈՒՎԿ` շուրջ 12,5 մլրդ դրամ, 1,5 տոկոս աճ կամ 186,9 մլն դրամ (7,9%) և  «ԱԳԲԱ Լիզինգ» ՈՒԿՎ` 11,3 մլրդ դրամ, 44,3 տոկոս աճ կամ 3,4 մլրդ դրամ (7,2%):

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների, 2012թ.-ի երկրորդ եռամսյակում ակտիվների առավել բարձր տեմպեր են գրանցվել «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ-ում (88,6 տոկոսով կամ 544,4 մլն դրամով` կազմելով 1,1 մլրդ դրամ):
2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն ($1 – 409,12 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև