ԱՄՆ բորսաների ինդեքսներն աճել են ԴՊՀ–ի` տնտեսության աջակցության նոր քայլերի հայտարարման ֆոնին

14.09.2012 14:50
ԱՄՆ բորսաների ինդեքսներն աճել են ԴՊՀ–ի` տնտեսության աջակցության նոր քայլերի հայտարարման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի կտրուկ բարձրացել են 1.3-1.6 տոկոսով` ԱՄՆ Դաշնային պահուստի կողմից տնտեսության խթանման նոր ծրագրի մեկնարկի որոշման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։

Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է  1.55 տոկոսով և կազմել է 13539.86 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ն ավելացել է 1.33 տոկոսով և հասել է 3155.83 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսն ավելացել է  1.63 տոկոսով՝ կազմելով 1459.99 կետ` հասնելով 2007 թվականի առավելագույն արժեքին:

ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեն հինգշաբթի որոշում է ընդունել սկսել 40 միլիարդ դոլարի հիփոթեքային արժեթղթերի ամենամսյա գնում` տնտեսության աճի խթանման համար։ Հիփոթեքային արժեթղթերի հետգնումը մեկնարկում է սեպտեմբերի 14–ին, մինչև ամսվա վերջ կարգավորիչն այդ նպատակով կծախսի 23 միլիարդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի խոսքով, տնտեսության աջակցության նոր քայլերի գլխավոր խնդիրը զբաղվածության խթանումն է և երկարաժամկետ հեռանկարում գործազրկության կրճատումը։ Սակայն կարգավորիչը մտադիր չէ կտրուկ կոշտացնել դրամավարկային քաղաքականությունը, նույնիսկ ոչ զբաղված բնակչության թվի նկատելի նվազեցման դեպքում։ «Որոշ ժամանակ մենք մեղմ կուրս կպահպանենք»,– նշել է Բերնանկեն։ Միաժամանակ, Դաշնային պահուստը չի բացառում պետպարտատոմսերի նոր գնումները, եթե նիստի արդյունքներով ընդունված միջոցները սպասվող արդյունք չունենան։

«Ֆոնդային շուկան դրական է արձագանքել QE3–ին, այդ պատճառով էլ աճում է այն բոլոր ճյուղերի ընկերությունների բաժնետոմսերի գինը, որոնք առավել մեծ շահ ունեն դրանից` շինարարությունը, բնակճյուղը, սպառողական ապրանքները»,– Marketwatch գործակալությունը մեջբերում է Morgan Keegan–ի փորձագետ Քևին Գիդիսի (Kevin Giddis) խոսքը։

ԴՊՀ–ն հաստատել է նաև հուլիսին ընդունած՝ «Օպերացիա Թվիստ» անվանումով տնտեսության ծրագիրը օժանդակելու որոշումը` մինչև ընթացիկ տարվա ավարտը 667 միլիարդ դոլար ծավալով։ Այսպիսով, պարտատոմսերի ձեռքբերման ամենամսյա ծախսերը կկազմեն 85 միլիարդ դոլար, առնվազն, մինչև ընթացիկ տարվա վերջ։

Կարգավորիչը բազային տոկոսադրույքը թողել է տարեկան 0-0.25 տոկոս ռեկորդային ցածր արժեքում` որոշելով այդ մակարդակը պահպանել մինչև 2015 թվականի կեսը։
Բացի այդ, ԴՊՀ–ն դեպի նվազում է վերանայել 2012 թվականի իրական ՀՆԱ–ի կանխատեսումը` պահպանելով գործազրկության մակարդակն աշխարհի խոշորագույն տնտեսությունում։

Մասնավորապես, 2012 թվականին Դաշնային  պահուստն ակնկալում է 1.7-2 տոկոսի ՀՆԱ աճ, 1.7-1.8 տոկոսի գնաճ, 8-8.2 տոկոսի գործազրկություն, մինչդեռ հունիսին կարգավորիչը կանխատեսում էր տնտեսության աճ 1.9-2.4 տոկոսով, գնաճ` 1.2-1.7 տոկոսանոց արժեքում, 8-8.2 տոկոսի գործազրկություն։

Արտադրողների գները երկրում օգոստոսին աճել են 1.7 տոկոսով հուլիսի համեմատ և 2 տոկոսով տարեկան կտրվածքով։ Փորձագետները կանխատեսում էին գների, համապատասխանաբար, 1 և 1.5 տոկոսի աճ։

ԱՄՆ բյուջեի պակասուրդն օգոստոսին կազմել է 190.53 միլիարդ նախորդ տարվա 134.1 մլրդ դոլարի դիմաց, վերլուծաբաններն ակնկալում էին 170 միլիարդ դոլարի պակասուրդ։
DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև