Համաշխարհային հիմնական շուկաներում օգոստոսին կայունացման միտում է նկատվում. ՀՀ ԿԲ

18.09.2012 11:43
Համաշխարհային հիմնական շուկաներում օգոստոսին կայունացման միտում է նկատվում. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի օգոստոսին միջազգային հումքային և պարենային հիմնական շուկաներում, ընդհանուր առմամբ, կայունացման և թեթև գնաճի միտումներ են ձևավորվել, հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ԿԲ Խորհրդի՝ սեպտեմբերի 4-ին կայացած նիստի արդյունքները։

«Այսպես, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության և ԱՄՆ ԴՊՀ–ի կողմից հետագայում բազային տոկոսադրույքի մեծացման սպասելիքների պայմաններում, օգոստոսին Բրենթ տեսակի հում նավթի մեկ բարելի գինը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 9.8 տոկոսով (տարեկան աճը կազմել է 2,9%)։ Օգոստոսին ոսկու միջին գինն աճել է 1.9 տոկոսով (տարեկան անկումը` 8.2%)։ Պղնձի միջին գինը 2012 թվականի օգոստոսին նվազել է 1 տոկոսով (տարեկան անկումը` 16.8%)»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012թ.-ին օգոստոսին մնացել է գրեթե անփոփոխ՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով ընդամենը 0.1%-ով։
Բրնձի միջազգային գինը ևս օգոստոսին աճել է միջինը 2.5%-ով (տ/տ նվազումը՝ 7%):
Բրազիլիայում բերքահավաքի վերսկսման պայմաններում շաքարավազի միջազգային միջին գինը նվազել է 9.0%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է 28.8%:

Օգոստոսին միջին գների աճը շարունակվել է ցորենի միջազգային շուկայում՝ նախորդ ամսվա նկատմամբ միջինում 1.1% (տ/տ աճը` 6.9%), որը առավել խոշոր չափով դրսևորվել է հուլիսին՝ 25.1%, և արդյունքում, անցած 8 ամիսներին ցորենի գինն աճել է շուրջ 30.0%-ով:

«Դա անդրադարձել է ներքին գների վարքագծի վրա՝ արտահայտվելով օգոստոսին «Հացամթերք» ապրանքախմբի գների 1.3%, իսկ անցած 8 ամիսներին՝ 5.2% աճերով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ում նշում են, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ արձանագրվել է 0.5% տնտեսական անկում՝ առաջին եռամսյակի 0% աճի դիմաց: ԱՄՆ-ում ևս տնտեսական աճը դանդաղել է և երկրորդ եռամսյակում կազմել 1.7%՝ նախորդ եռամսյակի 2%-ի դիմաց:

ԱՄՆ ԴՊՀ-ն, ԱՄՆ-ում սպասվող տնտեսության զարգացման չափավոր տեմպերի և միջինժամկետում խարսխված գնաճային սպասումների պարագայում, օգոստոսին կրկին անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը` 0-0.25%–ի միջակայքում՝ նշելով ապագայում քանակական ընդլայնում իրականացնելու պատրաստակամության մասին:

Եվրոպական Կենտրոնական բանկը, հուլիսին 0.25 տոկոսային կետով իջեցնելուց հետո, օգոստոսին, տնտեսության կայունացման դանդաղ ընթացքի պայմաններում, անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև