Բրիստոլ քաղաքը սեփական արժույթն է շրջանառության հանել

19.09.2012 11:48
Բրիստոլ քաղաքը սեփական արժույթն է շրջանառության հանել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անգլիական Բրիստոլ քաղաքի իշխանությունները, հույս ունենալով խթանել տեղական տնտեսությունը, շրջանառության են հանել սեփական արժույթը` բրիստոլական ֆունտը, գրում է Փրայմը։

Նոր արժույթը կկիրառվի տեղական փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչների կողմից, որոնք համապատասխան համաձայնագիր են ստորագրել: Օգոստոսի վերջի դրությամբ նրանց թիվը հասել է 250–ի։ Ձեռնարկատերերը կկարողանան արժույթն օգտագործել նաև հարկերը վճարելու համար։ Բացի այդ, քաղաքային խորհրդի վարչությունն իր 17 հազար աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձի մի մասը բրիստոլական ֆունտով ստանալ։

Ըստ նախագծի հեղինակների, տեղական արժույթի օգտագործումը պետք է խթանի տեղական բիզնեսի զարգացումը և օգնի մրցակիցների դեմ պայքարում` ի դեմս միջազգային կորպորացիաների։

«Սխեմայի գլխավոր նպատակն է ամրապնդել տեղական տնտեսությունը` մարդկանց հորդորելով օգտվել բրիստոլական բիզնեսի ծառայություններից։ Պրակտիկան ցույց է տալիս, որ տեղական բիզնեսում ներդրած փողերը հենց տեղում էլ շարունակում են շրջանառվել»,– ասվում է բրիստոլական քաղաքային խորհրդի հաղորդագրության մեջ։

Բրիստոլի բնակիչները կարող են տեղական արժույթ ստանալ` տեղական բանկում սովորական բրիտանական ֆունտ ստեռլինգը փոխանակելով մեկին մեկ փոխարժեքով։ Նոր թղթադրամների վրա կպատկերվեն տեղական տեսարժան վայրերն ու Բրիստոլի հայտնի բնակիչները։ Թղթադրամները հատուկ պաշտպանիչ շերտ կունենան կեղծումներից խուսափելու համար։

Նախագծի հեռանկարությունը գնահատելու համար Բրիտոլի իշխանությունները կոչ են անում մարդկանց կայքում գրանցել արժույթը փոխանակելու կամ այդ արժույթով աշխատավարձ ստանալու և այլ վճարումներ կատարելու իրենց ցանկությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև