Հայաստանի բանկերին բաժին է ընկնում արտաքին առևտրի ֆինանսավորման միայն 3%–ը. HSBC

27.09.2012 14:29
Հայաստանի բանկերին բաժին է ընկնում արտաքին առևտրի ֆինանսավորման միայն 3%–ը. HSBC

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության միայն 3 տոկոսն է ֆինանսավորվում բանկային գործիքների միջոցով, ասաց «HSBC Բանկ Հայաստան»-ի առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը բանկի կազմակերպած Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարի ընթացքում։

«Դա նշանակում է, որ մնացած 97%–ը ռիսկային և պակաս շահավետ գործարքներն են, քանի որ բանկային գործիքները թույլ են տալիս ավելի արդյունավետ սխեմաներ օգտագործել` ինչպես ներկրման, այնպես էլ՝ արտահանման»,– ասաց նա։

Ըստ Պետրոսյանի, բոլոր ներկրողներն ու արտահանողները գործառնություններ իրականացնելիս որոշակի ռիսկերի են բախվում, մասնավորապես` տրանսպորտի, ապահովագրության և լոգիստիկայի ոլորտում։

«Վերջին տարիներին ամենավտանգավորը գործընկերներ որոնելն ու կանխավճար իրականացնելն է ինտերնետի միջոցով, որտեղ խարդախությամբ զբաղվող հարյուր հազարավոր կեղծ ընկերություններ են գրանցված»,– նշել է նա։

Փորձագետն ընդգծեց, որ առևտրի բանկային ֆինանսավորման դերը նույնպես աճում է, քանի որ ճգնաժամից հետո ընկերությունները չեն համաձայնում աշխատել արտահանման համար` առանց որևէ երաշխիքների առկայության։

Ըստ նրա, արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորման ամենաարդյունավետ և շահավետ գործիքներից մեկը փաստաթղթային ակրեդիտիվն է, որը թույլ է տալիս մի կողմից նվազագույնի հասցնել մատակարարված ապրանքի դիմաց չվճարելու, մյուս կողմից` մատակարարման պարտավորությունները չկատարելու ռիսկը։

«Փաստաթղթային ակրեդիտիվի կիրառումը թույլ է տալիս ըստ պայմանագրերի վճարումների կատարման պայմաններն առավելագույն չափով հարմար դարձնել ինչպես ներմուծողի, այնպես էլ արտահանողի համար»,– ասաց Պետրոսյանը։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա հունվար–օգոստոս ամիսներին, ըստ նախնական վիճակագրական տվյալների, կազմել է 3608,2 մլն դոլար կամ 1440,6 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով։ Միաժամանակ արտահանման ծավալն ընթացիկ տարվա հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 921.4 մլն դոլար (368,1 մլրդ դրամ)` ավելանալով 11,4 տոկոսով, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ներկրման ծավալը` 2686.8 մլն դոլար (1072.5 մլրդ դրամ)` ավելանալով 3,6 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 1765,4 մլն դոլար (704,4 մլրդ դրամ)։

Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի արտահանող և ներմուծող կազմակերպություններին բացահայտել առևտրային և միջազգային բիզնեսի աճի հնարավորությունները արագ փոփոխվող և բազմաշերտ առևտրային աշխարհում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996թ. և 1999թ.-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30%-ը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկը առաջատարներից մեկն է արտարժույթի շուկայում: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ անհատ և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին` Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Բանկը հանդիսանում է առաջատար, արտարժույթի միջազգային շուկայում: Բանկը հանդիսանում է SWIFT և BANKMAIL վճարային համակարգերի անդամ:-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև