Բրիտանիան նոր կարգավորիչ պետք է ստեղծի LIBOR–ի դրույքները սահմանելու համար. FSA

28.09.2012 19:53
Բրիտանիան նոր կարգավորիչ պետք է ստեղծի LIBOR–ի դրույքները սահմանելու համար. FSA

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիան պետք է նոր մեխանիզմ ստեղծի LIBOR–ի միջբանկային վարկավորման դրույքը որոշելու ու կարգավորելու համար և դրա հետ մեքենայության համար խիստ պատասխանատվություն սահմանի, ուրբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների վարչության (Financial Services Authority, FSA) կառավարիչ-տնօրեն Մայքլ Ուիթլին։

Նրա գերատեսչությունը LIBOR–ի և դրա հետ կապված բրիտանական բանկերի ֆինանսական մեքենայությունների շուրջ առաջացած աղմուկի հանգամանքների հետաքննություն է անցկացրել և այդ կառույցի բարեփոխման միջոցների մասին զեկույց է հրապարակել, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Հասարակությունը կորցրել է բանկերի նկատմամբ վստահությունը, և մենք պետք է վերականգնենք այն»,– հայտնել է Ուիթլին։

Նա հաստատել է, որ Բրիտանական բանկային ասոցիացիան (British Bankers’ Association, BBA) այլևս LIBOR–ի դրույք չի սահմանելու, դրա համար առաջարկվում է նոր կարգավորիչ վերահսկողական մեխանիզմ ստեղծել։ Այլ առաջարկների թվում են`այդ բնագավառում մեքենայություններ կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանել, կրճատել LIBOR–ի պարամետրերի քանակն ու ընդլայնել սխեմայի մասնակից բանկերի թիվը, ինչպես նաև մի շարք այլ տեխնիկական կատարելագործումներ իրականացնել։

Ներկա պահին LIBOR–ը որոշվում է Բրիտանական բանկային ասոցիացիայի կոլեկտիվ հաշվարկով` մի խումբ բանկերի տրամադրած տվյալների հիման վրա, որում ընդգրկված են մինչև 18 ֆինանսավարկային հաստատություններ։

Պարզվում է, որ 2007թ.-ի վերջին Ուոլ սթրիտում առաջացած և այդտեղից ողջ աշխարհում տարածված ֆինանսական տնտեսական ճգնաժամի ժամանակ «Լիբոր» դրույքը նախաձեռնող բանկերը ղեկավարում էին այն, մասնավորապես՝ սեփական փոխառությունների արժեքը նվազեցնելու համար։ Բրիտանական «Բարկլիզը» դրա համար 453 մլն դոլարով  տուգանվել է  ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինների կողմից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև