Արարատբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 1,9 մլրդ դրամ

01.10.2012 14:34
Արարատբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 1,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Արարատբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 1 մլրդ 859 մլն դրամ, երկուշաբթի լրագրողներին ասաց Արարատբանկի գործադիր փոխտնօրեն Դավիթ Հարությունյանը։

«Նախորդ տարին մենք ավարտեցինք մոտ 2,2 մլրդ դրամի չափով շահույթի ցուցանիշով, իսկ 2012թ.–ի վերջին մտադիր ենք ավելացնել այդ ցուցանիշը»,– ասաց նա` ավելացնելով, որ առաջին վեց ամիսների տվյալներով՝ բանկի բոլոր հիմնական ցուցանիշներով աճ է գրանցվել։

Ըստ Հարությունյանի` բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 14,5 տոկոսով և կազմել շուրջ 14 մլրդ դրամ։ Նա նշեց, որ կապիտալի աճը հիմնականում պայմանավորված է կուտակված շահույթի մեծությամբ։

«Կիսամյակի ընթացքում բանկի ակտիվներն աճել են 25 տոկոսով և կազմել շուրջ 109,4 մլրդ դրամ։ Վարկային պորտֆելը կազմել է շուրջ 48,5 մլրդ դրամ (26,3% աճ)։ Նաև ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ուղղությամբ է աճ գրանցվել` շուրջ 11 տոկոս»,– տեղեկացրեց նա։

Բանկի գործադիր փոխտնօրենը նաև ընդգծել է, որ կապիտալի  եկամտաբերության ցուցանիշով (ROE), որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 28,3 տոկոս, Արարատբանկը հայկական բանկերի վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: ($1 – 406,25 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև