«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է 2012թ.-ին ապահովագրավճարների ծավալը հասցնել 9.2 մլրդ դրամի

03.10.2012 19:09
«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է 2012թ.-ին ապահովագրավճարների ծավալը հասցնել 9.2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 2012 թվականի ավարտին երկրում ապահովագրավճարների ծավալը հասցնել մինչև 9,2 մլրդ դրամի, հայտնեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ, «Ինգոսստրախ» ընկերության փոխտնօրեն Տատյանա Կայգարոդովան։

«Մենք ակնկալում ենք, որ «ԻՆԳՈ Արմենիա»–ի հավաքները կգերազանցեն 23-24 մլն դոլարը։ Սա շատ մեծ գումար է հետխորհրդային տարածքի երկրների համար։ Եթե խոսենք ԻՆԳՈ խմբի մասին, ապա ապահովագրավճարների ծավալով դա երկրորդ արդյունքն է Ուկրաինայից հետո»,– չորեքշաբթի ընկերության 15–ամյակին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց նա։
Կայգարոդովայի խոսքով, վերջին երեք տարիներին «ԻՆԳՈ Արմենիա»-ի հավաքների ծավալները գործնականում աճել են հինգ անգամ, և ներկայում ընկերությունը հայկական շուկայի առաջատարն է։

«Որպես բաժնետիրոջ ներկայացուցիչ, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը՝ ցանկանում եմ ասել, որ «ԻՆԳՈ Արմենիա»-ն խմբի ամենահաջողակ ընկերություններից է»,– նշեց նա։

Կայգարոդովան նաև հայտնեց, որ հաջորդ շաբաթ կկայանա «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության բաժնետերերի ժողովը, որում որոշում կընդունվի ընկերության կանոնադիր կապիտալի ավելացման մասին՝ ավելացնելով, որ մանրամասների մասին կհայտարարվի լրացուցիչ։

«Մենք միշտ ժամանակին ենք համալրում մեր ընկերությունների կապիտալները, ժամանակին ենք ներդրումներ իրականացնում։ Ընկերության կանոնադիր կապիտալի ավելացումը, անշուշտ, նշանակալի է Հայաստանի շուկայում մեր ներկայացված լինելու համար, և հետագայում «ԻՆԳՈ Արմենիայի» համար ազգային շուկայում միանշանակ առաջատար լինելու նախադրյալ է»,– ասաց նա։

Ընկերության տվյալներով՝ «ԻՆԳՈ Արմենիա»-ի ապահովագրավճարների ծավալը 2012 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է 7.5 մլրդ դրամ։ Ապահովագրային փոխհատուցումների մասով ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է ավելի քան 2.5 մլրդ դրամ։

ԸՆկերության հաճախորդների թվում 1800 ձեռնարկություններ ու կազմակերպություններ են, որոնցից 300–ը` հանրապետության խոշորագույնների թվում են։ «ԻՆԳՈ Արմենիա»-ի ծառայություններից է օգտվում ավելի քան 120 հազար ֆիզիկական անձ։ 2012 թվականի 8 ամիսների ընթացքում ստորագրած պոլիսների թիվը հասել է 173 հազարի։

«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ի կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև