ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8% մակարդակում

09.10.2012 17:23
ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է  8% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, տեղեկացնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` 2012թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 2.5%, որը տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակն է:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունները մնում են թույլ գնաճային: Չնայած, զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում, կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, այդուհանդերձ, պարենային ապրանքների միջազգային շուկայում դեռևս պահպանվում է հիմնարար լարվածությունն ու ձևավորված թույլ գնաճային միջավայրը՝ պայմանավորված ցորենի միջազգային գնի շարունակական աճով:

ԿԲ հաղորդագրության համաձայն` վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա շարունակվել է նաև սեպտեմբերին՝ հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճի:

ԿԲ խորհուրդը կարծում է, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը մնում է գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման աճի բարձր մակարդակի պահպանմամբ և տնտեսական աճի՝ սպասվածից ավելի արագ տեմպերի դրսևորմամբ:
Միաժամաակ նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա շարունակվելու է որոշ չափով չեզոքացվել հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ
Չնայած տարվա անցած ինն ամիսների արդյունքներով 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ մակարդակում, այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում արտաքին և ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվում են որոշակի գնաճային ազդեցություններ ներքին գների վրա:

«Այդ պարագայում Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը, որի միջոցով լիովին իրատեսական է կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը մոտեցնել 4% նպատակային ցուցանիշին՝ ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով»,– նշվում է հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև