«Զոլոտայա Կորոնա» ընկերությունում չեն մեկնաբանում ԿԲ–ի` Հայաստանում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը

10.10.2012 16:37
«Զոլոտայա Կորոնա» ընկերությունում չեն մեկնաբանում ԿԲ–ի` Հայաստանում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զոլոտայա Կորոնա» ռուսաստանյան ընկերության ղեկավարությունը չի մեկնաբանում ԿԲ–ի` ՀՀ–ում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Մեր ղեկավարությունը պաշտոնական որոշում է ընդունել չմեկնաբանել Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումն այս հարցով»,– հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 8–ին որոշել է ուժը կորցրած ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգի գործունեությունը հանրապետությունում։

Կենտրոնական բանկն իր որոշումը բացատրել է Հայաստանի տարածքում գործող բանկերի մի շարք մասնաճյուղերի` համակարգի հասանելիության սահմանափակումներով օպերատորի կողմից։

«Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի  օպերատորն առանց որևէ պատճառաբանության բազմիցս չի ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը»,– ասվում է ԿԲ–ի հաղորդման մեջ։
Ավելի վաղ, նմանատիպ պատճառներով Կենտրոնական բանկը Հայաստանում արդեն արգելել է Western Union, Лидер, «Migom» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը։

Հայաստանում «Զոլոտայա Կորոնա – Դրամական փոխանցումներ» համակարգով փոխանցումներ են իրականացնում յոթ գործընկեր բանկեր, համակարգի ենթակառուցվածքն ունի 260 կետ` ընդգրկելով երկրի ողջ տարածքը։

«Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ»-ը առանց հաշիվ բացելու գումար փոխանցելու համակարգ է, որն ավելի քան 24,5 հազար կետ ունի Ռուսասատանի և ԱՊՀ տարածքում: Համակարգի գործող մասնակիցների թվում ավելի քան 300 բանկ կա Ռուսաստանից և ԱՊՀ-ից, ինչպես նաև՝ խոշոր բջջային ռիթեյլերներ:
Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, այսօր հայկական առևտրային բանկերը դրամական փոխանցումներ են իրականացնում հետևյալ միջազգային համակարգերով` «Anelik», «Unistream», «Interexpress», «Contact» և այլն։ ԿԲ–ի տվյալներով, դեպի Հայաստան միջազգային համակարգերով փոխանցումների ծավալը 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 148 մլրդ դրամ (թիվը` 713), ինչը 26 տոկոսով շատ է նախորդ եռամսյակի ցուցանիշից։

Միաժամանակ, Bankir.ru ռուսական լրատվական գործակալության տվյալներով, Հայաստանն ԱՊՀ երկրների առաջատարների թվում, որտեղ իրականացվում են դրամական փոխանցումներ վճարային համակարգերով։ Ռուսաստանի բանկի համաձայն, դեպի Հայաստան փոխանցումների ծավալը 2011 թվականին կազմել է 1.28 մլրդ դոլար, իսկ 2012 թվականի առաջին եռամսյակում` 550 մլն դոլար։ Միաժամանակ, «Զոլոտայա Կորոնան» առաջատար դիրք էր զբաղեցնում հայկական շուկայում։ Փորձագետների գնահատականներով, Հայաստանում «Զոլոտայա Կորոնա»–ի ամսական շրջանառությունը հասնում էր 80 մլն դոլարի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև