ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով

24.10.2012 11:14
ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ քանի որ Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները, 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ:

Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին:

Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-69 մասնաճյուղ: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև