05.11.2012 17:59
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,06 տոկոսով՝ հասնելով 405,38 դրամի: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 7,95 մլն ԱՄՆ դոլար, ինչը 22,67 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,20 տոկոսով և շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, կազմեց 408,23 դրամ: Հայաստանի արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախկինի պես տատանվում է 405-409,50 դրամի միջակայքում: Մեր կարծիքով կայուն իրավիճակը պայմանավորված է ներդրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող պահանջարկով, ինչպես նաև չափավոր դևալվացիոն տրամադրություններով:
Ենթադրում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է մի փոքր բարձրանալ, ինչը պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից քանակական խթանման նոր ծրագրի գործարկման նկատմամբ թուլացող էյֆորիայով: Միջակայքի ներքին սահմանի թուլացման դեպքում ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքը միջնաժամկետ հեռանկարում կարող է նվազել՝ հասնելով 400,0 դրամ կարևոր հոգեբանական մակարդակին:
Ամերիկյան արժույթի աճին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլարի գնման բարձրացող ծավալը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 15,297 մլն ԱՄՆ դոլար, ինչը 18,60 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից:
Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ հավանաբար կգտնվի 406,0-410,0 դրամի սահմաններում:
Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի արժեքը որոշվել է FOREX արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,82 տոկոսով՝ կազմելով 1,2830: Միասնական եվրոպական արժույթի արժեքի նվազման հիմնական պատճառ է դարձել ԱՄՆ աշխատաշուկայի` սպասվածից բարձր տվյալների հրապարակումը, քանի որ այդ վիճակագրությունը հարցականի տակ է դրել ամերիկյան կարգավորիչի նոր խթանող միջոցների երկարատևությունը: Իրոք, ոչ գյուղատնտեսական սեկտորում նոր աշխատատեղերի քանակը հոկտեմբերին աճել է 171,0 հազարով՝ կանխատեսված 124,0 հազարի փոխարեն: Տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ պահպանվող անորոշությունը նույնպես նվազեցրել է եվրոյի գրավչությունը:
Այնուամենայնիվ, շաբաթվա սկզբում եվրոյի գնանշումները որոշակի բարձրացմամբ են վաճառվել ներդրողների ցածր ակտիվության պայմաններում: Քանի որ երկուշաբթիից մինչև չորեքշաբթի Ուոլ սթրիթը փակ է եղել Նյու Յորքում տեղի ունեցած «Սենդի» փոթորիկի ավերիչ հետևանքների պատճառով: Միաժամանակ Գերմանիայից ստացված մանրածախ վաճառքների դրական տվյալներն օգնել են արժութային շուկայի տրամադրությունների բարելավմանը:
Արդյունքում՝ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,10 տոկոսով՝ հասնելով 527,99 դրամի: Սակայն ենթադրում ենք, որ առևտրային նստաշրջանի ժամանակային սահմանափակության պատճառով երկրի ներսում կուշանա եվրոյի արժեքի դինամիկան և երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կնվազի՝ հասնելով 524,0 դրամի:
Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում, համապատասխանաբար նաև Հայաստանում, եվրոյի դինամիկան կսահմանվի ըստ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված տնտեսական նորությունների: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել հոկտեմբերին Մատակարարումների կառավարման ինստիտուտից ծառայությունների ոլորտի գնումների գծով մենեջերների ցուցիչի տվյալներին և նոյեմբերին Միչիգանի համալսարանից վստահության ինդիկատորի նախնական թվերին, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին: Եթե տվյալ վիճակագրությունը կրկին կանխատեսումներից բարձր լինի, ապա կարող են ուժեղանալ ԱՄՆ-ի մեղմ դրամավարկային քաղաքականության տևողության վերաբերյալ մտավախությունները և թուլանալ եվրոյի դիրքերը:
Եվրոպական նորություններից պետք է ընդգծել PMI բաղադրիչ ցուցիչի և հոկտեմբերին Գերմանիայի սպառողական գների ցուցիչի վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ-ի հերթական նիստը և եվրոպական կարգավորիչի նախագահ Դրագիի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ նոյեմբերի 8-ին: Ըստ մեր գնահատականների, եվրոպական կարգավորիչը ոչ մի անակնկալ չի մատուցի դրամական քաղաքականության պայմանների փոփոխման վերաբերյալ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոյի գնանշումների վրա: Սակայն, եթե եվրոպական կարգավորիչը նվազեցնի եվրագոտու տնտեսության հեռանկարների գնահատականները, դա կարող է ճնշում գործադրել միասնական եվրոպական արժույթի վրա:
Եվրագոտուց սպասվող չափավոր դրական վիճակագրությունը նույնպես կնպաստի արժութային շուկայում տրամադրությունների լավացմանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքն է 1,2700 – 1,2950: Այդ կապակցությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 515-533 դրամի սահմաններում:
Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,38 տոկոսով՝ հասնելով 13,14 դրամի: Դա պայմանավորված էր շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ: Ըստ մեր գնահատականների, Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի փոխարժեքը երկուշաբթի նույնպես կնվազի՝ հասնելով 13,07 դրամի:
ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Նավթի փոքր-ինչ նվազած գները կխոչընդոտեն ռուսական արժույթի աճին: Սակայն, եթե եվրոպական կարգավորիչի նախագահի մեկնաբանությունները չափավոր լինեն, իսկ եվրագոտուց ստացած վիճակագրությունն ավելի լավը լինի, ռուբլին կարող է շարունակել իր աճը:
Այդ կապակցությամբ առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,97-13,20 դրամի միջակայքում:
Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: