06.11.2012 13:57
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն երեքշաբթի Nasdaq OMX Արմենիա ֆոնդային բորսայում հայտարարել է հինգերորդ թողարկման արժութային պարտատոմսերի առաջին առևտրային նստաշրջանի բացման մասին:
Ըստ Արարատբանկի կառավարման փոխնախագահ Դավիթ Հարությունյանի, թողարկվել է 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 25 մլն դոլար անվանական արժեքով, 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 36 ամիս շրջանառության ժամկետով:
Տեղաբաշխմանը մասնակցել է ավելի քան 160 ներդրող, որոնց հիմնականում ֆիզիկական անձինք են եղել:
Բանկը հինգերորդ անգամ շարունակ պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում է իրականացնում, ընդ որում ներկա տեղաբաշխումն արժութային պարտատոմսերի շուկայում առաջին առաջարկն է եղել:
Պարտատոմսերը ցուցակվել են Nasdaq OMX Armenia բորսայում: Որպես գնանշող հանդես կգա «Ռենեսա» ներդրումային ընկերությունը:
Պարտատոմսերը կգտնվեն ազատ շրջանառության մեջ, և ցանկացողները կարող են բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ընկերությունների միջոցով ձեռք բերել երկրորդական շուկայում:
Ըստ Հարությունյանի, հինգերորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները ներդրողների հետաքրքրությանն արժանացան: Մասնավորապես պարտատոմսերի պահանջարկը 25 տոկոսով գերազանցեց առաջարկը, իսկ բաժանորդագրությունը 2 օր շուտ ավարտվեց նշված ժամկետից:
«Դա հույս է ներշնչում, և 2013թ.-ին բանկը նոր առաջարկություններով հանդես կգա շուկայում»,- ասաց Հարությունյանը:
NASDAQ OMX Արմենիա բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն իր հերթին ողջունեց Արարատբանկի այդ քայլը:
«Մենք նոր տեղաբաշխումներ ենք ակնկալում: Արարատբանկն այդ գործընթացի լոկոմոտիվը կլինի, և մենք հուսով ենք, որ կապիտալի շուկան մեզ մոտ ավելի արագ տեմպերով կզարգանան»,- ասաց Սարոյանը:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: