ՀՀ բանկերի համախառն վարկային ներդրումները III եռամսյակում աճել են 2,3%-ով՝ կազմելով ավելի քան 1,5 տրլն դրամ

08.11.2012 15:05
ՀՀ բանկերի համախառն վարկային ներդրումները III եռամսյակում աճել են 2,3%-ով՝ կազմելով ավելի քան 1,5 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի համախառն վարկային ներդրումները, ներառյալ դեպոզիտները, ֆակտորինգը և լիզինգը, 2012թ.-ի երրորդ եռամսյակի վերջին կազմել են ավելի քան 1,5 տրլն  դրամ՝ մեկ եռամսյակում ավելանալով 2,3%–ով: Այդ մասին տեղեկացվում է 2012թ.-ի երրորդ եռամսյակի հայկական բանկերի գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի տեղեկագրում:

ԿԲ տվյալների համաձայն, նախորդ եռամսյակի համեմատ վարկավորման ամենամեծ աճը գրանցվել է անշարժ գույքի ոլորտում՝ 53,7 տոկոս՝ կազմելով 16,7 մլրդ դրամ, պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում՝ 18,2 տոկոս՝ կազմելով 4 մլրդ դրամ, կապի և տրանսպորտի ոլորտում՝ 16,6 տոկոս՝ հասնելով 10,3 մլրդ դրամի:

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են նաև ֆինանսական ոլորտում՝ 8,5 տոկոսով, հանքարդյունաբերության ոլորտում՝ 8,5 տոկոսով, էլեկտրաէներգիայի ոլորտում՝ 5,4 տոկոսով, սպասարկման և հանրային սննդի ոլորտում՝ 4,4 տոկոսով, այլ բնագավառների վարկավորումն ավելացել է 4,2 տոկոսով:

Միաժամանակ հուլիս-սեպտեմբեր ամիսներին վարկավորման անկում է գրանցվել մշակույթի և հանգստի ոլորտում՝ 23,9 տոկոսով՝ կազմելով 4,3 մլրդ դրամ, գյուղատնտեսության ոլորտում՝ 4,8 տոկոսով՝ կազմելով 97,6 մլրդ դրամ, փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտում՝ 6,2 տոկոսով՝ հասնելով 40,2 մլրդ դրամի, կրթության ոլորտում՝ 2,7 տոկոսով՝ հասնելով 3,3 մլրդ դրամի, առևտրի ոլորտում՝ 1,6 տոկոսով՝ հասնելով 321,9 մլրդ դրամի:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է  Հայաստանի բանկերի սպառողական և հիփոթեքային վարկավորման ծավալների ավելացում՝ 4,5%՝ հասնելով 272,2 մլրդ դրամի և  2,2%՝ հասնելով 123,3 մլրդ դրամի, համապատասխանաբար:
Վարկավորման կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռը Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում բաժին է հասնում առևտրի վարկավորմանը՝ 21 տոկոս, սպառողական վարկեր՝ 17,8 տոկոս, մշակող արդյունաբերություն՝ 11,3 տոկոս, հիփոթեքային վարկավորում՝ 8 տոկոս և շինարարություն՝ 6,7 տոկոս:
2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և 465 մասնաճյուղ  ($1 – 407,93 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև