ՀՀ ԿԲ-ն թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»

12.11.2012 13:13
ՀՀ ԿԲ-ն թողարկել է   երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է   երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ», երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` երկու հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը՝ թողարկվել է 5 հազարական արծաթե հուշադրամ՝ 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամները պատրաստված են 9250 հարգ արծաթից, պրուֆ որակով, 38,61 մմ տրամագծով և 28,28 գրամ զանգվածով: Հուշադրամները պատրաստելիս օգտագործվել են գունավոր ներկեր:

«Կարատե» հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձևին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» և «KARATE»:

«Կոխ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Սևանի թերակղզում գտնվող «Սևանավանք» հայկական վանական համալիրը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ և ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» և «KOKH»:Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև