ԱԽՏ բորսաները զգալի աճով են բացվել

13.11.2012 13:36
ԱԽՏ բորսաները զգալի աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի լուրերի և ԱՄՆ-ի իրադարձությունների ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան առանցքային ֆոնդային հարթակներն առուվաճառքը բացել են էական աճով, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առաջին րոպեներին աճել է 0,43 տոկոսով՝ մինչև 8714,01 կետը:
Հարավկորեական KOSPI-ն բարձրացել է 0,05 տոկոսով՝ հասնելով 1901,90 կետին:

Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչն առուվաճառքի սկզբում կորցրել է 0,39 տոկոս՝ կազմելով 4439,30 կետ:
Հունաստանի խորհրդարանը երկուշաբթի լույս գիշերը հավանության է արժանացրել 2013 թվականի բյուջեն, որը նախատեսում է ծախսերի կրճատում 9,4 միլիարդ եվրոյով և երկրի ՀՆԱ-ի 4,2-տոկոսանոց անկում, ինչպես նաև բյուջեի պակասուրդ` ՀՆԱ-ի 5,2 տոկոսի չափով:

Միաժամանակ, Հունաստանի աջակցության ծրագրի հետագա կատարման վերաբերյալ վարկատուների տարաձայնությունների պատճառով փորձագետները կասկածներ ունեն այն հարցում, որ երկրի համար հաջորդ տրանշի մասին որոշումը կընդունվի երկուշաբթի Բրյուսելում բացված Եվրախմբի նիստերի շրջանակներում:

Եվրագոտու 17 երկրների ֆինանսների նախարարները (Եվրախումբ) երկուշաբթի Բրյուսելում կայացած նիստում մինչև նոյեմբերի 20-ն են հետաձգել Հունաստանին ֆինանսական աջակցության նոր տրանշ հատկացնելու որոշման ընդունումը:

Բացի այդ, շուկայի նկատմամբ ճնշում են գործադրում ԱՄՆ-ում «ֆիսկալային անկումների» մտավախությունները (ԱՄՆ-ի տնտեսության կտրուկ անկում, որը կարող է տեղի ունենալ 2013 թվականի հունվարին, եթե Ջորջ Բուշ կրտսեր նախագահի մտցրած հարկային քայլերը չեղյալ հայտարարվեն: Սա կհանգեցնի հարկային բեռնվածության բարձրացմանը, զուգահեռաբար իշխանությունները կարող են կրճատել բյուջեի ծախսային մի շարք հոդվածներ):

Ավելի վաղ երկրորդ պաշտոնավարման ժամկետում վերընտրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավիրել էր կոնգրեսի առաջնորդներին Սպիտակ տուն՝ նրանց հետ հարկային հարցեր և երկրի բյուջեի պակասուրդը կրճատելու տարբերակներ քննարկելու համար: ԱՄՆ-ի պետբյուջեի պակասուրդի և պետպարտքի «վերին շեմի» հետ կապված չլուծված խնդիրները կարող են հանգեցնել երկրի վարկանիշի նվազմանը, նախազգուշացրել են միջազգային վարկանիշային գործակալությունները: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև