Չորեքշաբթի Բարաք Օբամայի հայտարարությունների հիման վրա դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

15.11.2012 12:27
Չորեքշաբթի Բարաք Օբամայի հայտարարությունների հիման վրա դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել հանրապետականների հետ փոխզիջումներ փնտրել հարկաբյուջետային քաղաքականության հարցերում, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չորեքշաբթի առևտրային նստաշրջանի ավարտին ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն ավելացել է՝ երեքշաբթի գրանցված 81,09 կետից հասնելով 81,11 կետի: Դոլարի նկատմամբ եվրոն թանկացել է՝ նախորդ առուվաճառքների փակման ժամանակ գրանցած 1,2704 դոլարից հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,2735 դոլարի: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է՝ երեքշաբթի մեկ դոլարի դիմաց գրանցած 79,39 իենի փոխարեն հասնելով մեկ դոլարի դիմաց 80,25 իենի:

«Ես պատրաստ եմ նոր գաղափարներ քննարկել (…) Ես ուզում եմ ուրիշների մտքերը լսել»,- ասել է Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ նա ընդգծել է, որ բյուջեի պակասուրդի կրճատման ցանկացած ծրագիր պետք է ներառի հարուստների համար նախատեսված հարկերի բարձրացումը: «Մենք պետք է միջին խավին պատանդ չպահենք, քանի դեռ քննարկում ենք հարուստների համար նախատեսված հարկային նվազումները»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը:

Հոկտեմբերի 23-24-ին կայացած ԴՊՀ նիստի արձանագրությունների հրապարակումը սահմանափակեց դոլարի առավել ուժեղ թանկացումը: Փաստաթղթի համաձայն, Բաց շուկաների կոմիտեի մի շարք անդամներ կարծում են, որ 2013թ.-ին ակտիվների լրացուցիչ գնումներ են անհրաժեշտ:

Բացի այդ, նախօրեին հայտնի դարձավ, որ երրորդ եռամսյակում Պորտուգալիայի ՀՆԱ-ի նվազումը տարեկան կտրվածքով կազմել է 3,4 տոկոս՝ երկրորդ եռամսյակի 3,2 տոկոս նվազման դիմաց: Ցուցանիշի վատացումն ամենաէականն է դարձել 2009թ.-ի երկրորդ եռամսյակից ի վեր: Եռամսյակային առումով Պորտուգալիայի ՀՆԱ-ի նվազումը կազմել է 0,8 տոկոս՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով գրանցված 1,1 տոկոսի դիմաց: Վերլուծաբանները ցուցանիշի 0,6 տոկոս նվազում էին ակնկալում:
Տնտեսության անկումը շարունակվում է նաև Հունաստանում: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է  7,2 տոկոսով և տարեկան հաշվարկով 6,3 տոկոսով:

Միաժամանակ եվրոյի փոխարժեքի համար դրական է դարձել Fitch միջազգային վարկանիշային գործակալության կողմից Իռլանդիայի վարկանիշի կանխատեսումը բարելավելու որոշումը՝ «ВВВ+» բացասականից մինչև կայուն: Ըստ գործակալության վերլուծաբանների, Իռլանդիան առաջընթաց է ցուցադրում  բյուջեի կոնսոլիդացիայի և տնտեսության վերականգնման գործում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև