Մետաղի շուկա. ԱՄՆ-ի և եվրագոտու անորոշության ֆոնին նվազել են ոսկու և պղնձի գները

19.11.2012 17:42
Մետաղի շուկա. ԱՄՆ-ի և եվրագոտու անորոշության ֆոնին նվազել են ոսկու և պղնձի գները

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկին հիմնականում անկում էր գրանցում, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի վերաբերյալ անորոշությունն ու եվրոպական տնտեսության նկատմամբ անհանգստությունը կանգնեցրել էին գների բարձրացման հույս ունեցող ներդրողներին մի փաստի առաջ, որ պետք է շահույթ արձանագրել նախորդ շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումների աճից հետո: Միաժամանակ, Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացման որոշման հետաձգումը նույնպես զսպում էր ներդրողների ակտիվությունը:

Ոսկու գնանշումներն առևտրային շաբաթվա ընթացքում հերթական անգամ բախվեցին նվազման ճնշմանը Ոսկու համաշխարհային խորհրդի կողմից համաշխարհային պահանջարկի և առաջարկի հաշվետվության հրապարակումից հետո: Այսպես, ոսկու համաշխարհային պահանջարկն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազել է 11,35 տոկոսով՝ մինչև 1084,6 տոննա: Դա բացատրվում է ոսկու պահանջարկի՝ նախկինում ակնկալվածից ավելի էական նվազմամբ ներդրումային հատվածում, ինչպես նաև պաշտոնական հատվածի գնումների նվազմամբ: Արդյունքում, նախորդ շաբաթ ոսկու գինը նվազել է 1,33 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1711,59 ԱՄՆ դոլար:

Մենք կարծում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումներն առաջվա պես կկոնսոլիդանան, քանի որ ներդրողները դեռևս զգուշություն են ցուցաբերում և զերծ են մնում խոշոր գործարքներից առևտրային հստակ կողմնորոշիչների պակասի ֆոնին: Մետաղների շուկայի մասնակիցներն անհամբերությամբ կսպասեն եվրագոտու ֆինանսների նախարարների նիստի արդյունքներին, որոնք հայտնի կդառնան երեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին: Եթե հանդիպման մասնակիցները կարողանան համաձայնության գալ Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու հերթական տրանշի հարցում, ապա դեղին մետաղի գնանշումները կարող են որոշակիորեն բարձրանալ: Միաժամանակ, ԱՄՆ-ի հարկաբյուջետային ճգնաժամի անորոշությունը կզսպի ներդրողների ակտիվությունը: Դեղին մետաղի դիմադրության մակարդակը հաջորդ շաբաթ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1739,0 դոլարի ցուցանիշը:

Թանկարժեք մետաղի դինամիկայի վրա հաջորդ շաբաթ կարող է ազդել նաև ԱՄՆ-ի և եվրագոտու ծրագրված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել նախորդ շաբաթվա գործազրկության նպաստների առաջնային հայտերի թվին և հոկտեմբերի բնակշուկայի տվյալներին: Եվրոպական լուրերից կարելի է առանձնացնել Գերմանիայի՝ երրորդ եռամսյակի ՀՆԱ վերջնական տվյալները, ինչպես նաև եվրագոտու արտադրական հատվածի գործարար ակտիվության ինդեքսի նոյեմբերյան տվյալները: ԱՄՆ-ի զուսպ դրական տվյալները, ինչպես նաև եվրագոտու թույլ մակրոտնտեսական վիճակագրությունը կարող են ճնշում գործադրել թանկարժեք մետաղի գնանշումների վրա:

Ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նույնպես կսահմանափակեն դեղին մետաղի աճի ներուժը, քանի որ ոսկու՝ ԱՄՆ արժույթով արտահայտված գներն ավելի գրավիչ են դառնում այլ արժութատերերի համար: Ոսկու համար առաջիկա շաբաթվա աջակցություն  կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1690,0 դոլար արժեքը:

Պղնձի գինն այս  շաբաթ ֆյուչերսային շուկայում նվազել է 0,15 տոկոսով՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց կազմելով 3,4475 դոլար, միաժամանակ տվյալ ակտիվի գնանշումները մնում էին ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին արձանագրված նեղ միջակայքում: Կարմիր մետաղի առավել զգալի գնանշումներն առավել տուժեցին չորեքշաբթի և ուրբաթ, քանի որ շուկայի մասնակիցների ուշադրությունը սևեռված էր ԱՄՆ-ի «բյուջետային անկման» վրա: Մետաղի շուկայի վրա նվազման ճնշում գործադրեց նաև ֆոնդային ցուցիչների նվազումը և ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը: Պղնձի գնանշումների անկմանը նախկինի պես նպաստեցին համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ պահպանվող մտավախությունները, ինչպես նաև Հունաստանի իրավիճակի վերաբերյալ անհանգստությունները:

Տվյալ ակտիվի բորսայական ավելացած պաշարը Լոնդոնի մետաղների բորսայում այս շաբաթ նույնպես խանգարեց կարմիր մետաղի գնանշումների աճին:

Պղնձի դինամիկան առաջիկա շաբաթ հիմնականում կամխված կլինի ԱՄՆ և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից: Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը զուսպ դրական կլինի: Եթե այդ կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ի բնակշուկայի տվյալներն ու Գերմանիայի ՀՆԱ-ն դրական լինեն, ապա գունավոր մետաղները, այդ թվում՝ պղինձը, կարող են բարձրանալ: Շուկայի մասնակիցների հատուկ ուշադրությունը հաջորդ շաբաթ նույնպես կգրավեն Չինաստանի՝ HSBC-ից ստացված նոյեմբերի արտադրական ակտիվության ինդեքսի տվյալները, քանի որ ակնկալվող ուժեղ տվյալները կարող են դրդել կարմիր մետաղի գնումների գնային ցածր մակարդակներում:

Սակայն եթե այս վիճակագրությունը հույսերը չարդարացնի, իսկ ամերիկյան արժույթը կրկին աճի, ապա պղինձը կարող է նաև էժանանալ: Պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը ֆյուչերսային շուկայում առաջիկա շաբաթ կկազմի 3,37-3,52 ԱՄՆ դոլար պղնձի մեկ ֆունտի դիմաց: -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև